Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
Բազմահազար հայաստանցիների անունից թույլ տվեք շնորհավորել Ձեզ: Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը պարզել է, որ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի տիկինը պարոն Բադասյանի նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ հիմնադրել է «TR LAW FIRM» առևտրային ընկերությունը, որի հիմնադրման պահից մինչ օրս ղեկավարել է այդ ընկերությունը` գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում: Ընկերությունը զբաղվում է ՀՀ արդարադատության նախարարի ղեկավարման և համակարգման ոլորտին առնչվող առևտրային գործունեությամբ:
Այո, Ձեր երազանքն է եղել, որ Հայաստանում լինի այնպիսի իրավիճակ, որ ամուսինը նշանակվի նախարարի պաշտոնում, իսկ կինն անմիջապես նույն ոլորտում բիզնես գործունեություն ծավալի: Իհարկե, սա կոռուպցիա չէ, սա կոռուպցիայի հետ նույնիսկ առևերույթ կապ չունի: Սա այն է, ինչի համար Դուք պայքարել եք և հաղթել եք: Ուստի, բազմահազար հայաստնացիներ շնորհավորում են Ձեզ` հեղափոխական երազանքների կատարման կապակցությամբ: Եվ հատկապես շնորհավորում են, որ Արդարադատության նախարարի կինը ամուսնու գործունեության ոլորտի հետ ոչ մի կապ չունեցող բիզնեսը հիմնադրել է Ձեր շատ մոտ ընկեր, հեղափոխության ընթացքի և հեղափոխության արժեքների մասին Ձեզ պարբերաբար տեղեկատվություն տրամադրող և Ձեր հեղափոխական գործունեությունն ուղղորդող Ռաֆի Դուդակլյանի հետ համատեղ:
Բնականաբար, Հայաստանում կան խոսակցություններ, որ Արդարադատության նախարարի ընտանիքի հետ համատեղ ստեղծված «TR LAW FIRM» ընկերության 40 տոկոս բաժնեմասի իրական տերը Դուք եք և ոչ պարոն Դուդակլյանը, բայց մենք չենք հավատում այդ խոսակցություններին: Չենք հավատում, որ հեղափոխության մոնետիզացիայի գործընթացում Դուք նույնպես փայաբաժին ունեք: Չէ՞ որ Դուք Հայրենիքի համար ամեն ինչ անվճար հիմունքներով եք արել, նույնիսկ Ցեղասպանության 100-ամյակի համարեգի համար չեք վճարվել: Եվ վերջիվերջո, բիզնեսը փող է բերում, իսկ Դուք փող չունեք: Որ ունենայիք, հաստատ կիրականացնեիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը` բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: