ՀՀ էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ՝ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը 2019-ի տվյալներով կլինի 4650 դոլար:
Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՆԱ-ին առնչվող վերջին գրառման վերաբերյալ հարցին:
«Առանց մեկնաբանելու համեմատությունները՝ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը, և՛ Ադրբեջանը այսօրվա դրությամբ այն երկրների շարքում են, որոնք հավանական է, որ 2019 թվականը կամփոփեն 4600-4700 դոլար՝ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով: Մենք կարծում ենք, որ Հայաստանում դա կլինի մոտավորապես 4650 դոլար»,-ասաց Խաչատրյանն ու հավելեց՝ սակայն վիճակագրության կոմիտեն կհրապարակի հստակ թվերը:
Նախարարը չցանկացավ մեկնաբանել այդ թեմայով հարևան երկրների տարբեր արձագանքները, միայն նշեց՝ երևի յուրաքանչյուրի համար էլ կարևոր է, որ առաջինն ինքը լինի:
«Վիճակագրության մեթոդաբանական որոշակի հարցեր կան տվյալ դեպքում, սակայն դա այն հարցն է, որ կթողնեի, որ վիճակագրական կոմիտեի մեթոդաբանները պարզաբանեին: Կան որոշակի նրբություններ, որոնք պայմանավորված են այնպիսի միջազգային կազմակերպությունների որդեգրած սկզբունքներով, որոնք մեթոդաբանություն են հուշում»,-նշեց նախարարը: