ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պարզել է, որ ինչ–որ մեկն օգտագործել է ԱԺ–ի իր էլեկտրոնային պաշտոնական հասցեն ու իր անունից նամակներ ուղարկել։ Պատգամավորն այս մասին հայտնել էր այսօր Facebook–ի իր էջում կատարած գրառմամբ` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր` 03։30-ի սահմանում։
Զոհրաբյանը դեպքի որոշ մանրամասներ ներկայացրեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Իմ պաշտոնական էլեկտրոնային հասցեն աշխատեցնում են իմ օգնականները, պարբերաբար ստուգում են իմ էլեկտրոնային հասցեն, որովհետև ես օրական առնվազն մի քանի տասնյակ նամակներ եմ ստանում եվրոպական կառույցներից, քաղաքացիներից, կալանավորներից, դատապարտյալներից։ Իրենք ստուգում են, նամակները հանում են, փոխանցում են փորձագետներին։ Ես առավոտյան եկել եմ աշխատանքի։ Իրենք ինձ ասացին, որ գիշերը ժամը 3 անց 32 րոպեին James Mayer անունով ինչ-որ մեկն իմ մեյլից էլեկտրոնային մի հասցեում գրանցվելու ինչ–որ նամակագրություն է վարել»,– պատմեց պատգամավորը։
Թե որտեղից է տվյալ անձը մուտք գործել իր էլեկտրոնային հասցեն` ԱԺ–ի իր աշխատասենյակից, թե այլ վայրից, Նաիրա Զոհրաբյանը չգիտի։ Բայց նշում է, որ իր աշխատասենյակի դուռը միշտ բաց է, առավոտյան այնտեղ աշխատում են հավաքարարները։ Ինքն էլ երբևէ չի կարծել, թե իր օգտահաշիվները կարող են հետաքրքրել որևէ մեկին։
«Այդ առումով ես ամենաանհետաքրքիր քաղաքական գործիչն եմ, որովհետև ինչ մտածում եմ, այն ասում եմ հրապարակային։ Իմ օգտահաշիվները, լինի Facebook, WhatsApp, Messenger, բացարձակ որևէ հետաքրքրություն չպիտի ներկայացնեն որևէ կառույցի կամ անձի համար։ Դավադրությունների տեսությամբ չեմ զբաղվում, անձնական նամակագրություններ որևէ մեկի հետ չունեմ»,– ասաց նա։
Կատարվածի համար պատգամավորը որևէ մեկին չի կասկածում և նշում է, որ դետեկտիվ ժանրի սիրահար չէ։ Բայց նաև չի բացառում, որ իր էլեկտրոնային հասցեն այդ կերպ փորձ են անում օգտագործել իր անունից տարատեսակ հաղորդագրություններ տարածելու համար։
Զոհրաբյանը պատմեց նաև, որ նախապես մտադրություն չի ունեցել իրավապահներին դիմելու ու բավարարվել է միայն տեղի ունեցածի մասին Facebook-ում գրառում կատարելով։ Բայց կատարվածի հնարավոր հետևանքների մասին գործընկերների հետ խորհրդակցելուց հետո որոշել է, այնուամենայնիվ, պաշտոնապես հաղորդում ներկայացնել իրավապահ կառույցներին։
«Վաղը պաշտոնապես կդիմեմ պատկան կառույցներին, իրենք թող փորձեն բացահայտել նույնպիսի արագությամբ, ինչպիսի արագությամբ բացահայտեցին մեկ կեղծ օգտատիրոջ, որն ազգային անվտանգության պետական շահերի դեմ հայտարարություն էր արել»,– ասաց Զոհրաբյանը։
Ի դեպ, պատգամավորի ֆեյսբուքյան գրառումից ժամեր անց` մեր զրույցի պահին, նա հայտնեց, որ իրավապահ համակարգից որևէ մեկն իր գրառմանը դեռ չի արձագանքել։
Հիշեցնենք` հունվարի 3-ին «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկություն էր հրապարակվել, թե իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։
Հունվարի 5-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բերման էր ենթարկել Facebook-ի «Դիանա Հարությունյան» կեղծ էջը վարող օգտատիրոջը։ Բերման ենթարկվածն ասել էր, որ դա արել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ և «անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։
Հունվարի 8–ին դատարանը կեղծ լուրի հեղինակին կալանավորելու որոշում էր կայացրել։