Եղվարդի ծննդատան հետագա աշխատել-չաշխատելու խնդրով այս պահին բանակցություններ են տարվում. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով մի շարք ծննդատների լուծարման թեմային:
Արդեն հայտնել էինք, որ Առողջապահության նախարարությունը փոփոխություններ է նախատեսել ծննդատների աշխատանքներում. տարեկան 150–ից պակաս ծնունդ ընդունողները կփակվեն։ Փակվող մի շարք ծննդատների (Մարալիկի, Եղվարդի) աշխատակիցներն այս օրերին բողոքի ակցիաներ են իրականացնում։
«Եղվարդի ծննդատունը լուծարման ենթակա միակ ծննդատունն է, որը չունի թերություններ մյուս մասերով՝ կադրերի, սարքավորումների: Ավելին, Եղվարդի ծննդատանը նախորդ տարի 136 ծնունդ է գրանցվել, որը շատ մոտ է ցանկալի արդյունքին: Հիմա քննարկում ենք՝ արդյո՞ք չպետք է այդ ծննդատանը ինչ-որ ժամանակով նորից հնարավորություն տանք»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ մյուս վեց ծննդատների մասով, որոնք չեն համապատասխանել մասնագետների մշակած չափանիշներին, նույնպես բանակցություններ են վարվում: Խոսքը, մասնավորապես, տարեկան 100-ից բարձր ծնունդ ունեցողների մասին է:
Հարցին, թե 7 ծննդատներից քանիսը կփակվեն, նախարարը պատասխանեց, որ հստակ որոշում դեռ չկա:
Հիշեցնենք, որ Եղվարդի ծննդատան բողոքի ակցիա իրականացրած բուժաշխատողները նշում էին, որ իրենց ծննդատան պայմանները բարվոք են, կա տաք և սառը ջուր, ջեռուցում, շենքը վերանորոգված է և համարվում է 1-ին մակարդակի ծննդատուն։ Նրանց համոզմամբ` առանց հանրային քննարկումների` նման որոշումներ չի կարելի կայացնել։
Եղվարդի ծննդատունը 2019 թվականին ունեցել է 136 ծնունդ, մինչդեռ առողջապահության նախարարը հրահանգել է փակել 150–ից պակաս ծնունդ ընդունած ծննդատները։