Հայկական ծագում ունեցող հայտնի ուզբեկստանցի դիզայներ ու պարուսույց Նարիման Գրիգորյանի սպանության փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է Sputnik Ուզբեկստանը` հղում անելով հանրապետության Գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։
Գրիգորյանի դին հայտնաբերվել է հունվարի 13-ին ժամը 23:50-ին Տաշքենդի Յաշնաբադսկի շրջանում իր վարձակալած տան հյուրասենյակում։
Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ մահացածի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել։
Գործը շրջանային դատախազությունից փոխանցվել է քաղաքային։ Քննություն է իրականացվում։ Բժշկական փորձաքննությունը պետք է օգնի պարզել մահվան պատճառը։
Գրիգորյանի մահը մեկնաբանել է «ՄԻսս ԱՊՀ – 2018» մասնակից Դարյա Մասալսկայան։
«Հավատս չի գալիս, որ նման բան է պատահել, ու չեմ ուզում նրա մասին անցյալ ժամանակով խոսել։ Նարիմանը վառ, տարբերվող մարդ է։ Կարծում եմ` դիզայները հենց այդպիսին պետք է լինի։ Նա շատ ու ջանասիրաբար աշխատել է, մեծ բարձրունքների ու ճանաչման է հասել ոչ միայն մեզ մոտ, այլև արտասահմանում»,- ասել է Մասալսկայան Sputnik Ուզբեկստանի հետ զրույցում։
Աղջկա խոսքով` Գրիգորյանի ցուցադրությունները յուրահատուկ էին, նման չէին մեկը մյուսին, իսկ նրա ողբերգական վախճանը իսկական շոկ էր ՈՒզբեկստանի նորաձևության աշխարհի համար։
«Նա միակն է, Նարիման Գրիգորյանը»,- ամփոփել է աղջիկը։
Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։