Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 12-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Ժամը 19։30-ի սահմաններում Կիևյան փողոցի 1 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 62-ամյա Արտյուշ Սամվելյանի վարած Renault 18 ԼԼ 047 համարանիշի և 26-ամյա Վահե Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 01 QT 100 համարանիշի ավտոմեքենաները։
Mercedes-ն էլ բախվել է Կիևյան կամրջի նոտ տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի ուղևորներ՝ 19-ամյա Էդգար Նազարեթյանը, 27-ամյա Նորիկ Մեյրոյանը և Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արթուր Մելտոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Է. Նազարեթյանը տեղափոխվել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Վ. Բաղդասարյանն աշխատում է «Չիզի» սրճարանի տնօրեն, վիրավորներից Ա. Մելտոնյանն աշխատում է «Ձուլակենտրոն» ԲԲԸ-ի փոխտնօրեն, իսկ Է. Նազարեթյանը ծառայում է ՀՀ Պն N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ ինչ-որ ավտոմեքենա նշված վարորդների համար ստեղծել է վթարային իրավիճակ, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։