«Իմ քայլը» հիմնադրամն այս տարի կսկսի նոր՝ «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։
Այս նպատակով Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի հրավերով այս օրերին Երևանում է «UCLA Health»-ի «Sound Body Sound Mind» ծրագրի գործադիր տնօրեն Մեթյու Ֆլիսոքը։
Միացյալ Նահանգներում գործող այս ծրագիրն արդեն բավական ժամանակ է նպաստում է դպրոցներում առողջ ապրելակերպի խթանմանը՝ աշակերտներին և ուսուցիչներին տրամադրելով ժամանակակից մեթոդաբանությամբ ֆիթնես-դասընթացներ, ինչպես նաև աջակցում է դպրոցներին համապատասխան սարքավորումներով։
Մեթյու Ֆլիսոքը Երևանում է՝ որպես Ծրագրի խորհրդատու իր փորձը և գիտելիքները մեզ հետ կիսելու, ինչպես նաև հայաստանյան դպրոցների վիճակին և կրթական չափորոշիչներին ծանոթանալու համար:
Համարձակ գաղափարներով և առաջարկներով հագեցած մեր հանդիպումներին ու քննարկումներին կանդրադառնանք առաջիկայում՝ առավել մանրամասն ներկայացնելով «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանման» ծրագիրը։
Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: