Գիտնականները կապ են հայտնաբերել լիմֆոցիտների ցածր մակարդակի եւ վաղ մահվան բարձր ռիսկի միջեւ
Advertisement 1000 x 90

Գիտնականները կապ են հայտնաբերել լիմֆոցիտների ցածր մակարդակի եւ վաղ մահվան բարձր ռիսկի միջեւ

Արյան մեջ լիմֆոցիտների ցածր խտությունը առնչակցվում է վաղ մահվան բարձր ռիսկի հետ, պարզել են Կոպենհագենի համալսարանի (Դանիա) գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն, լիմֆոցիտները իմունային համակարգի բջիջներ են, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը։ Նրանք նաև զսպում են քաղցկեղի տարածումը։ Լիմֆոցիտների մակարդակի բարձրացում նկատվում է վարակների ֆոնին։ Իսկ ահա լիմֆոցիտների ցածր մակարդակին մասնագետները կոչ են անում վերաբերվել տագնապով. լիմֆոպենիան (լիմֆոցիտների խտության նվազումը) վարակների հանդեպ օրգանիզմի խոցելիության և վաղաժամ մահվան բարձր ռիսկի նշան է։

Վերջին հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են 20-100 տարեկան 108 135 մարդու տվյալները, որոնք հավաքվել են 2003-2015 թվականներին։ Այդ ընթացքում մահացել է 10 372 մարդ։ Վերլուծելով տվյալները և ուշադրություն դարձնելով տարիքին, սեռին, ծխախոտի և ալկոհոլի օգտագործմանը, մարմնի զանգվածին, պլազմայի C-ռեակտիվ սպիտակուցին, նեյտրոֆիլների քանակին արյան մեջ, վերջերս տարած ինֆեկցիաներին, դիաբետին, սիստոլիկ զարկերակային ճնշմանը, խոլեստերինին պլազմայում, տրիգլիցերիդներին պլազմայում, կրթությանը, եկամուտին և ֆիզիկական ակտիվությանը՝ գիտնականները նկատել են, որ լիմֆոցիտների ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ ցանկացած պատճառից վաղ մահվան ռիսկը 60 տոկոսով բարձր է եղել, իսկ քաղցկեղից, սիրտ-անոթային, շնչաեական հիվանդություններից ու տարբեր վարակներից մահվան ռիսկը՝ 1,5-2,8 անգամ։

Գիտնականների խոսքով՝ հայտնաբերված կապը կարելի է բացատրել օրգանիզմի դիմադրողականության թուլացմամբ, ինչը հատկապես ակտուալ է տարեց մարդկանց համար, որոնց մոտ լիմֆոցիտների մակարդակն առանց այդ էլ նվազում է ծերանալուն զուգընթաց։

news.am