29-ամյա Վահան Դավթյանը 2014թ.-ից ղեկավարում է Ամասիայի «Նանե» մանկապարտեզը. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

29-ամյա Վահան Դավթյանը 2014թ.-ից ղեկավարում է Ամասիայի «Նանե» մանկապարտեզը. hetq.am

Տարիքիս չնայեք, ես 80 երեխա «ունեմ»,- երիտասարդ տնօրեն Վահան Դավթյանի դեմքին հայտնված ժպիտը փոխվում է ծիծաղի,- կարծրատիպ ենք կոտրում,- շարունակում է զրուցակիցս,- ընդունված է, չէ՞, որ մանկապատեզի վարիչը կին պիտի լինի, գյուղապետն էլ՝ տղամարդ: Ամասիայում էս քանի տարի է՝ ոչ մի «կանոն» չի գործում՝ նախ ես նշանակվեցի տնօրեն 2014թ.-ի հուլիսի 1-ին, 2016-ին էլ ընտրեցինք կին համայնքապետ: Արդյունքում երկու կարծրատիպ կոտրվեց»:

Հայաստանի գյուղական համայնքների մեծ մասում չգրված օրենք կա. համայնքի մանկապարտեզի տնօրեն է նշանակվում համայնքապետի կինը, աղջիկը, հարսը կամ էլ ծայրահեղ դեպքում՝ մոտիկ ազգականուհին: Ինչու՞ են համայնքի ղեկավարները այդ պաշտոնի համար նախապատվությունը տալիս արյունակից կամ մոտ հարազատներին, որեւէ լուրջ, հիմնավորված պատասխան երբեւէ չի հնչել: Ամենատարածված բացատրությունը, որ տրվել է՝ կնոջիցս վստահելի ո՞վ ունեմ:

Վահան Դավթյանին պարուսույցի մասնագիտությունն աշխատանքով ապահովել է մոտ 7 տարի: Ասում է, մտքի ծայրով անգամ չի անցել, թե երբեւէ պարի խումբը կփոխարինի մանկապարտեզի մեծ ընտանիքով: Մինչեւ տնօրեն նշանակվելը աշխատել է Ամասիայի նորակառույց «Նանե» նախակրթարան ՀՈԱԿ-ում, որպես տնտեսվար, նաեւ պարի դասեր է տվել փոքրիկներին:

Մանկապարտեզի նախկին ղեկավարը՝ Մերի Մելիքյանը, աշխատանքի փոփոխությամբ պայմանավորված՝ հեռանալուց առաջ Ամասիայի նախկին համայնքապետ Աղասի Ամիրյանին առաջարկել է որպես տնօրեն դիտարկել Վահան Դավթյանի թեկնածությունը: Երեք ամիս ժամկետով նշանակված փորձաշրջանն հաջողությամբ հաղթահարելուց հետո 25-ամյա երիտասարդը նշանակվում է մանկապարտեզի տնօրեն:

Ամբողջությամբ՝ hetq.am