Գիտնականները գտել են մարդկանց ծերանալու 4 հիմնական տեսակ
Advertisement 1000 x 90

Գիտնականները գտել են մարդկանց ծերանալու 4 հիմնական տեսակ

Սթենֆորդի համալսարանի գիտնականները առանձնացրել են օրգանիզմի ծերանալու 4 կենսաբանական ճանապարհ։ Գիտնականների խոսքով՝ դեռևս երիտասարդ տարիքում կարելի է որոշել, թե որ ճանապարհով է ծերանալու օրգանիզմը, և դա հնարավորություն կտա շտկումներ մտցնել կենսակերպում և նվազեցնել վաղաժամ ծերանալու ռիսկը։

Ինչպես պատմում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հետազոտության շրջանակում վերոնշյալ մասնագետները գրանցել են միկրոբների մակարդակներն ու կենսաբանական մոլեկուլները (սպիտակուցներ, մետաբոլիտներ և լիպիդներ) 29-75 տարեկան 106 առողջ կամավորների մոտ։ Նրանց հետաքրքրում էր այդ ցուցանիշների փոփոխությունը ժամանակի ընթացքում։ Ընդհանուր առմամբ, փորձագետները ելնում էին 10 343 գեների, արյան 306 սպիտակուցների, 722 մետաբոլիտների և 6909 տեսակ  միկրոբների մարկերներից։

Եվ այսպես, նրանց հաջողվել է առանձնացնել օրգանիզմի ծերանալու 4 կենսաբանական ճանապարհ՝ մետաբոլիկ (նյութախոխանակության խանգարում), իմունային (ցածր իմունիտետ), հեպատիկ (լյարդի աշխատանքի խանգարում) և նեֆրոտիկ (խնդիրներ երիկամների հետ կապված)։

Հետաքրքիր է, որ մի մարդու մոտ կարող է դրսևորվել ծերանալու միանգամից մի քանի տեսակ։ Համաձայն այս կամ այն տեսակի՝ մարմնում սկսում է ավելանալ համապատասխան բիոմարկերների քանակը։

Ինչպես բացատրել են գիտնականները, մետաբոլիկ տեսակի դեպքում ծերանալուն զուգընթաց բարձրանում է դիաբետի ռիսկը, իսկ որպես մարկեր ծառայում է A1c հեմոգլոբինի բարձր մակարդակը։ Ծերանալու իմունային տեսակ ունեցող մարդկանց մոտ տարիքի հետ գրանցվում են բորբոքման ավելի բարձր մակարդակ և հիվանդությունների հակում՝ կապված իմունիտետի հետ։

Դեռ երիտասարդ տարիքից կարելի է որոշել, թե որ ճանապարհով կընթանա օրգանիզմի ծերացումը։ Գիտնականների խոսքով՝ դա հնարավորություն կտա շտկումներ մտցնել կենսակերպում՝ նվազեցնելով վաղաժամ մահվան ռիսկը։ Ինչպես ցույց են տվել փորձերը, կենսակերպը փոխելիս տեղի են ունեցել ծերացման պրոցեսի դանդաղում և ծերացման այդ տեսակի մարկերների մակարդակի իջեցում։

med.news.am