ՀԱԿ-ը կոչ է անում վերադառնալ կառավարման կիսանախագահական մոդելին. azatutyun.am
Advertisement 1000 x 90

ՀԱԿ-ը կոչ է անում վերադառնալ կառավարման կիսանախագահական մոդելին. azatutyun.am

Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների առաջնային խնդիրը պետք է դառնա կիսանախագահական կառավարման մոդելի շուտափույթ վերականգնումը։

Վերջին անգամ Սահմանադրությունը փոխվել է Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2015-ին, ընդդիմադիրների պնդմամբ՝ նախագահական ժամկետի ավարտից հետո էլ նրա պաշտոնավարումը երկարաձգելու նպատակով: ՀԱԿ-ը այդ օրերին «Ոչ»-ի քարոզարշավ էր իրանականցնում։ Հենց այդ փոփոխություններով Հայաստանը կիսանախագահական համակարգից անցավ կառավարման խորհրդարանական մոդելի:

Արտախորհրդարանական ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հիմնավորում է իրենց տեսակետը՝ նախ խորհրդարանական կառավարման գործող մոդելը ժողովրդի վզին փաթաթվել է 2015-ին կեղծված հանրաքվեով, բացի այդ, «երկարաժամկետ հեռանկարում այն Հայաստանում կառաջացնի մշտական քաղաքական ճգնաժամեր, կբերի քաղաքական համակարգի օլիգարխիզացիայի և քաղաքական կոռուպցիայի ծաղկման»։

«Խորհրդարանական համակարգը իրականում հայ ժողովրդի կողմից մերժվել է 2015 թվի հանրաքվեում, հանրաքվեն կեղծվել է, դա բոլորը գիտեն, մոտ կես միլիոն ձայն է կեղծվել։ Եվ դա, ըստ էության, փաթաթվել է հայ ժողովրդի վզին։ Եվ եթե, օրինակ, գնա կոսմետիկ փոփոխությունների մի շարք, և սահմանափակվի սահմանադրական ռեֆորմը դրանով, դա ըստ էության կնշանակի 2015 թվականի հանրաքվեի կեղծման լեգիտիմիզացիա», – «Ազատության» հետ զրույցում ասաց Զուրաբյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, պատգմավոր Վահագն Հովակիմյանի խոսքով, սահմանադրական փոփոխությունների իրենց օրակարգը դեռ չեն ձևավորել, չեն քննարկել նաև՝ կիսանախագահականի՞, թե՞ գործող խորհրդարանական մոդելի պահպանման կողմնակից են։ Նրա խոսքով, մասնագիտական ու քաղաքական բանավեճերի արդյունքում պետք է որոշվի, թե Հայաստանը ինչ մոդելով է զարգանալու, իսկ փոփոխությունների շրջանակը հանձնաժողովի տիրույթում է։

«Նման հարց կարելի է քննարկել, երբ որ արդեն հանձնաժողովում այդ բանավեճերը ծավալված կլինեն, արդեն դեմ և կողմ կողմերը ամեն մեկը իր փաստարկները կբերի, և դու արդեն որպես քաղաքական ուժ սկսես գնահատել», – «Ազատության հետ զրույցում ասաց Հովակիմյանը։

Հարցին, թե ծանրակշիռ համարում է արդյոք ՀԱԿ-ի փաստարկը, թե 2015-ի սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են, Հովակիմյանն արձագանքեց. – «Նույն հաջողությամբ 1995-ի Սահմանադրությունն էլ է ընդունման հետ կապված ունեցել է կասկածներ, 2005-ին ընդհանրապես ուրվականների ընդունում էր… Բայց այստեղ հենց խնդիրն այն է, որ այն, ինչ որ պիտի ընդունվի, պիտի ընդունվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ ազատ, արդար, թափանցիկ հանրաքվեի միջոցով։ Այսինքն այն, ինչ որ 2005-ին եղել է, թողնենք մի կողմ, դա արդեն պատմություն է։ 2005, 2015… դա արդեն մեր պատմության վատ էջերն են»։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը մեկնարկել է։ Արդարադատության նախարարությունից հավանական են համարում, որ հանձնաժողովն արդեն փետրվարին սկսի աշխատել։ Բայց թե երբ պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, հստակ ժամկետներ չեն նշում:

Պարզ է, թե հանձնաժողովի կազմն ինչ շրջանակ ընդգրկի․ բացի պաշտոնյաներից կլինեն 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից:

Արտախորհրդարանականների մասին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու վարչապետի որոշման մեջ ոչ մի խոսք չկա։

Զուրաբյանը կարծում է, որ մինչև հանձնաժողով ստեղծելը անհրաժեշտ էր լայն քննարկումներ անցկացնել քաղաքական ողջ դաշտի ու հասարակական կազմակերպությունների հետ. – «Մինչև հանձնաժողովում մասնակցության մասին խոսելը, պետք է անդրադառնալ հենց այս կարևորագույն հարցին՝ իսկ ինչո՞ւ եք ուզում Սահմանադրությունը փոխել, և ինչի՞ շուրջ կարելի է կառուցել քաղաքական կոնսենսուս։ Սա պետք է արվեր։ Բայց դա չի արվել. ոնց որ ձին ու կառքը փոխել են տեղերով»։

Վահագն Հովակիմյանը պնդում է, թե արտախորհրդարանական քաղաքական ուժերն իրենց կարծիքը տեղ հասցնելու առնվազն երկու ճանապարհ կունենան՝ հասարակական կազմակերպությունների ու խորհրդարանական խմբակցությունների միջոցով։

Հարցին, թե այն պարագայում, երբ ոչ ոք այդ հարցը չբարձրացնի հանձնաժողովում, իշխող ուժի ներկայացուցիչներն արդյո՞ք իրենք կբարձրացնեն, Հովակիմյանն արձագանքեց. – «Հանձնաժողովը գործի, տեղի չունենա՝ այդ ժամանակ կարելի է նույն «Իմ քայլի» ներկայացուցչին հարցնել՝ դուք ինչո՞ւ չեք տանում, որովհետև, օրինակ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն տարել»։

Եթե, օրինակ, նախագծում կառավարման մոդելի փոփոխությունը ընդգրկվի, գործող Սահմանադրությամբ այն պետք է ոչ թե ԱԺ-ի քվեարկությամբ ընդունվի, այլ միայն հանրաքվեի միջոցով. – «Խորհրարանի տիրույթում հիմնականում չակերտավոր, բայց տեխնիկական դրույթներն են, որոնք տեխնիկական նշանակություն ունեն։ Ու եթե միանգամից ասենք, որ այդպես է, արդեն ոնց որ ստացվում է ասել, որ շատ փոքր փոփոխություն կարող է լինել Սահմանադրությունում, որովհետև հիմնական մասը հանրաքվեով ընդունման ենթակա է։ Դրա համար այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է լինելու։ Դա հանձնաժողովի գործունեության արդյունքում է լինելու»։

Ավելի մանրամասն՝ azatutyun.am



Նման նյութեր