Կյանքից հեռացել է աշխարհում ամենացածրահասակ մարդը
Advertisement 1000 x 90

Կյանքից հեռացել է աշխարհում ամենացածրահասակ մարդը

Աշխարհում ամենացածրահասակ մարդը՝ Հագենդրա Թապա Մագարը, մահացել է 28 տարեկանում, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Գինեսի Ռեկորդների գրքի կայքէջին:

Հագենդրա Թապա Մագարը ծնվել է Նեպալում 1992 թվականին: Ունենալով 67.08 սանտիմետր հասակ՝ նա ճանաչվել էր աշխարհում ամենացածրահասակ մարդը, որը պահպանել էր ինքնուրույն տեղաշարժվելու ունակությունը: Առաջին անգամ նա հայտնվել էր Գինեսի Ռեկորդների գրքում 2011 թվականին: Հագենդրան 7 սանտիմետրով բարձրահասակ էր ֆիլիպինցի Ջունրեյ Բալաուինգից, սակայն հիվանդությունների պատճառով վերջինս չէր կարողանում քայլել եւ կանգնել առանց կողմնակի օգնության:

«Հագենդրան արագորեն գրավել էր հանրության ուշադրությունը եւ 2011 թվականին նշանակվել Նեպալում զբոսաշրջության ոլորտի բարի կամքի դեսպան»,- հաղորդվում է կայքում:

«Ընկերների խոսքով՝ վերջին շրջանում Հագենդրան պայքարում էր սրտի խնդիրների, ասթմայի եւ թոքաբորբի դեմ: Նա տեղափոխվել էր Նեպալի Manipal հիվանդանոց հինգշաբթի՝ հունվարի 16-ին, եւ մահացել ուրբաթ՝ տեղական ժամանակով 15.00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Այժմ շարժունակությունը պահպանած ամենացածրահասակ մարդու «կոչումը» փոխանցվել է կոլումբացի Էդուարդ Նինյո Էրնանդեսին, որի հասակը կազմում է 70.21 սանտիմետր:

news.am