Ծննդաբերությունը կնոջ օրգանիզմի համար բնական պրոցես է, սակայն դրա ժամանակ 30-40% դեպքերում բարդություններ են առաջանում, որոնք կարող են սպառնալ և՛ մոր, և՛ երեխայի կյանքին: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը, և՛ մորը, և՛ երեխային հնարավորինս պաշտպանելու համար զարգացած և զարգացող երկրներում ծննդօգնությունը կազմակերպվում է հիվանդանոցներում, որտեղ ծննդկանի կողքին կլինեն մասնագետներ, որոնք բարդությունների դեպքում կարող են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:
Իսկ այն, թե ինչ մասնագետներ կարող են դրա համար պահանջվել, կախված է կնոջ առողջական վիճակից: Եթե կինն առողջ է և բարդությունների ռիսկը քիչ է, ապա, մասնագետի խոսքով, կարելի է ծննդաբերել առաջին կատեգորիայի ծննդատանը, որտեղ նվազագույն անձնակազմ կա՝ վիրահատություն կատարող մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգն ու նեոնատոլոգը:
Օրինակ, եթե կնոջ մոտ արնահոսություն սկսվի, ապա շտապ վիրահատություն կպահանջվի, առանց որի նա կարող է մահանալ արյան կորստից: Շտապ կեսարյան հատում կարող է պահանվել մի շարք բարդությունների դեպքում՝ ինչպես մոր, այնպես էլ պտղի կողմից: Այդ պատճառով, մասնագետի խոսքով, ծննդկանի կողքին պարտաիր պետք է լինեն վիրահատություն կատարող մանկաբարձ-գինեկոլոգը, ինչպես նաև անեսթեզիոլոգը, առանց որի վիրահատության անցկացումն անհնար է:
Անեսթեզիոլոգի ներկայությունը կարող է պահանջվել նաև էպիդուրալ կամ սպինալ անեսթեզիայի ժամանակ պացիենտի ցանկությամբ: Ի վերջո, կինն իրավունք ունի հարմարավետ ծննդաբերել:
Ինչ վերաբերում է նեոնատոլոգին, ապա նա նորածինների առողջության հարցերով զբաղվող մասնագետ է: Եթե երեխան, օրինակ, ծնվել է շնչահեղձության խնդրով, առաջին երկու մասնագետները հազիվ թե կարողանան գրագետ օգնություն ցուցաբերել նրան. երեխային անհրաժեշտ է նեոնատոլոգի միջամտությունը:
Ինչպես նշեց Գայանե Ավագյանը, անգամ առաջին կատեգորիայի ծննդատանն անհրաժեշտ է նեոնատոլոգ, եթե անգամ ոչ լրիվ դրույքով, ապա գոնե նախնական գրանցումներով հիվանդանոց ժամանող:
Իսկ եթե ծննդկանն ունի որևէ ուղղեկցող այլ հիվանդություն (օրինակ, դիաբետ, սրտի կամ ցանկացած այլ հիվանդություններ), ապա նրան խորհուրդ է տրվում ծննդաբերել երրորդ կատեգորիայի ծննդատանը, որտեղ նրան օգնություն կցուցաբերեն նեղ մասնագիտացում ունեցող բժիշկները (էնդոկրինոլոգ, նյարդաբան, ակնաբույժ, սրտաբան և այլն), և որտեղ կա վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այդ քանակությամբ մասնագետներ կարելի է գտնել բազմապրոֆիլ բժշկական կենտրոններում. հենց դրանցում են սովորաբար գտնվում երրորդ կատեգորիայի ծննդատները:
Բացի այդ, որոշ հիվանդություններ, օրինակ, ՄԻԱՎ-վարակ ունեցող կանայք Հայաստանում կարող են ծննդաբերել միայն մեկ բժշկական կենտրոնում՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, որն ունի 3Բ աստիճան և մասնագետներ, որոնք հատուկ վերապատրաստում են անցել ՄԻԱՎ-դրական ախտորոշում ունեցող հիվանդների հետ աշխատելու համար: