Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը, որը դերասանուհի Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո տառապում էր ալկոհոլային կախվածությունից, պատմել է, թե ով է օգնել նրան հաղթահարել կախվածությունը: Փիթը նշել է, դա եղել է նրա գործընկեր Բրեդլի Կուպերը, գրում է StarHit-ը:
56-ամյա Փիթը National Board of Review Awards Gala-ի ընթացքում արժանացել է մրցանակի «Մի անգամ… Հոլիվուդում» ֆիլմում երկրորդային դերակատարման համար: Իր շնորհակալական խոսքում Փիթը նշել է Կուպերին:
Դերասանները վաղուց ընկերություն են անում: Եվ հենց Բրեդլի Կուպերն է, ով օգնության ձեռք է մեկնել ընկերոջը, երբ նա Ջոլիի հետ ամուսնալուծության պատճառով սկսել է խմել և գտնվել է դեպրեսիայի շեմին:
«Ես բացարձակ սթափ դարձա նրա շնորհիվ: Եվ այդ ժամանակից ի վեր իմ կյանքի յուրաքանչյուր նոր օրն ավելի երջանիկ է, քան նախորդը: Ես սիրում եմ քեզ, Բրեդլի, շատ շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է Փիթը արարողության ժամանակ:
Անի Գաբուզյան