Դմիտրի Խառատյանը հույս ունի հոբելյանական համերգով հանդես գալ նաեւ Հայաստանում
Advertisement 1000 x 90

Դմիտրի Խառատյանը հույս ունի հոբելյանական համերգով հանդես գալ նաեւ Հայաստանում

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հունվարի 21-ին իր 60-ամյակը համերգով կնշի Պետերգուրգում, եւս մեկ հոբելյանական համերգ կկայանա փետրվարի 12-ին Մոսկվայի Կրեմլի պալատում:

«Հոբելյանս կնշեմ Պետերբուրգում՝ «Օկտյաբրսկ»-ում կայանալիք համերգով, Մոսկվայում հոբելյանական համերգը տեղի կունենա փետրվարի 12-ին Կրեմլի պալատում: Եվս մեկ համերգ կտամ Մերձմոսկվայի Կրասնոգորսկում, որտեղ ես ապրում եմ: Այս անգամ հոբելյանս նշելու եմ բոլորի հետ, ինձ համար կարեւոր ու թանկ բոլոր վայրերում, իմ փոքր ու մեծ հայրենիքներում: Իմ հոբելյանական շրջագայությունն, ըստ Էության, սկսվում Է հունվարի 21-ին: Այնուհետեւ Եվրոպա՝ Ստոկհոլմ, Մերձբալթիկա, Բելառուս, հուսով եմ Հայաստան՝ պատմական հայրենիք, նույնպես կմեկնեմ»,- ՌԻԱ Նովոստիին պատմել Է Խառատյանը:

Դերասանը նշել Է, որ Սանկտ Պետերբուրգի համերգին կմասնակցեն Միխայիլ Բոյարսկին, Վյաչեսլավ Բուտուսովը, Տատյանա Բուլանովան, Աննա Կովալչուկը, Սվետլանա Սուրգանովան, Ալեքսեյ Նիլովը, Անաստասյա Մելնիկովան: Փետրվարի 12-ին Մոսկվայում դերասանին կշնորհավորեն Յուրի Անտոնովը, Լեւ Լեշչենկոն, Գարիկ Սուկաչովը, Ալեքսանդր Ռոզենբաումը, Վալերիան, Նիկոլայ Բասկովը, Դմիտրի Պեւցովը, Օլեգ Միտյաեւը եւ ուրիշներ: Դերասանի մոտակա ծրագրում հոբելյանական շրջագայությունն Է, իսկ ամռանն ու աշնանը նա կշարունակի նկարահանումները Սվետլանա Դրուժինինայի «Գարդեմարիններ» ֆիլմում:

Դմիտրի Խառատյանը ծնվել Է 1960 թվականին Տաշքենդի մարզի Ալմալիկ քաղաքում: Համամիութենական ճանաչում Է ձեռք բերել դպրոցական տարիներին, երբ 1976 թվականին Էկրան բարձրացավ Վլադիմիր Մենշովի «Խաղարկություն» ֆիլմը, որտեղ Խառատյանը խաղացել Է 9-րդ դասարանի աշակերտ Իգոր Գրուշկոյի դերը: Խառատյանը նկարահանվել Է 85 ֆիլմերում, մասնավորապես, «Գարդեմարիններ, առաջ», «Վիվատ, գարդեմարիններ», «Իֆ դղյակի բանտարկյալը», «Մարգո թագուհին», «Կանաչ ֆուրգոն» եւ այլ ժապավեններում: