Ճապոնիայի կառավարությունը հունվարի 21-ին հաստատել Է արարողությունների կարգը՝ արքայազն Ակիսինոյին որպես կայսերական գահի նոր ժառանգորդի, երկրին եւ աշխարհին ներկայացնելու կապակցությամբ: Որոշվել Է այդ հանդիսություններն անցկացնել ապրիլի երկրորդ կեսին՝ իշխանության երեք ճյուղերի ղեկավարների, նախարարների կաբինետի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների մասնակցությամբ: Այդ մասին հայտնել Է Kyodo լրատվական գործակալությունը:
Գլխավոր արարողությունը կկայանա ապրիլի 19-ին՝ Տոկիոյի կենտրոնում գտնվող կայսերական պալատի գլխավոր «Սոճու սրահում»: Այստեղ 54-ամյա Ակիսինոն իր ավագ եղբորը՝ Նարուհիտոյին, պաշտոնապես կներկայացվի որպես գահաժառանգ արքայազն: Ճապոնիայի ժողովրդի անունից նրան ողջույնի ուղերձը կընթերցի վարչապետ Սինձո Աբեն: Ապրիլի 21-ին այդ կապակցությամբ Տոկիոյում կանցկացվեն հանդիսավոր ընդունելություններ մոտավորապես 750 հյուրերի մասնակցությամբ, ներառյալ արտասահմանյան պետությունների դեսպանները:
Հանդիսություններն անցկացնելիս որոշվել Է թույլ չտալ շռայլություններ եւ խնայել միջոցները: 1991 թվականին այդօրինակ նախորդ միջոցառումների համեմատությամբ հրավիրվածների թիվը կրճատվել Է գրեթե 300-ով, իսկ երեք ճաշկերույթի փոխարեն կանցկացվի միայն երկու ֆուրշետ: Ճապոնիայի ներկայիս կայսրը՝ 59-ամյա Նարուհիտոն, գահ Է բարձրացել անցյալ տարվա մայիսի 1-ին՝ իր հոր՝ 86-ամյա Ակիհիտոյի կամավոր հրաժարումից հետո, որը հանգստի Է անցել զառամյալ տարիքի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: