Երգչուհի Սոնային հայ հանդիսատը վերջին տարիներին ավելի հաճախ է տեսնում հայրենիքում, որտեղ նա ժամանակ առ ժամանակ ելույթ է ունենում տարբեր միջոցառումներին եւ համերգներին: Սոնայի խոսքով՝ իր երեւանյան գործունեության զարկը տրվել է «Հայաստանի ձայնը» նախագծից հետո, որտեղ նա հանդես եկավ մարզչի դերում եւ երկու անգամ իր մասնակիցների՝ Մաշա Մնջոյանի եւ Ռաիսա Ավանեսյանի հետ գրանցեց հաղթանակ:
Սոնան այսօր էլ ունի նորություններ. NEWS.am STYLE-ը երգչուհու հետ զրուցել է ոչ միայն նոր, այլեւ հին ձեռքբերումների մասին՝ վերհիշելով «Մեր բակը», իր ամենահայտնի արտահայտությունն ու գործընկերների հետ ջերմ հանդիպումները:
«Երեւանն իմ քաղաքն է. այստեղ ես ծնվել եմ, ունեմ հարազատներ, ընկերներ, որոնց տեսնելը միշտ հաճելի է»,-ասում է Սոնան՝ հավելելով, որ «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթանակներից հետո այստեղ ելույթ ունենալու հրավերներն ավելացել են: Երգչուհին նաեւ ուրախությամբ տեղեկացրեց, որ մինչ օրս ջերմ եւ գործնական կապ է պահում թե Մաշայի, թե Ռաիսայի հետ:
«Մաշան հիմա Սիդնեյում է, այնտեղի երաժշտական ինստիտուտներից մեկում է սովորում, ի դեպ, շատ մեծ անակնկալ ունի, որի չակերտները չեմ բացի, բայց շուտով` փետրվարին, ինքներդ կտեսնեք: Կապ չունի, որ ֆիզիկապես չենք տեսնվում, շփում միշտ կա: Նույն կերպ Ռաիսայի հետ ենք կապ պահում: Վերջերս միասին երգեցինք Arm Coctail Fest-ի շրջանակում: Ռաիսան արդեն տեղափոխվել է Երեւան` մշտական բնակության, ինչի համար ես շատ ուրախ եմ: Նրա կողմից նոր գործեր են սպասվում: Մնացած մասնակիցների հետ սուտ կլինի ասել, թե մշտական կապ կա, բայց շատ եմ ուրախանում, երբ նրանց որեւիցե նախագծում եմ տեսնում»:
Երեւանում լինելու ժամանակ Սոնան սիրում է ժամանակ անցկացնել հարազատների եւ ընկերների հետ: Սիրով վերհիշում է նաեւ ժամանակին ոչ միայն իրեն, այլեւ հեռուստադիտողին հարազատ դարձած բակն իր տաղավարով.
««Մեր բակը» ֆիլմից հետո մեկ անգամ մի հաղորդման շրջանակում եղել եմ հայտնի տաղավարում: Իհարկե, շատ հիշողություններ կան կապված այդ բակի հետ, բայց դրանք առաջնահերթ կապված են մարդկանց հետ, որոնց միշտ հաճելի է տեսնելը: Վերջերս հանդիպեցինք Աշոտ Ղազարյանի հետ` նրա հոբելյանին նվիրված համերգների ժամանակ, ինչպես գիտեք` Մկոյի հետ հանդես եկանք զուգերգով, Հրանտ Թոխատյանի հետ ֆիլմի 20-ամյակին նվիրված հաղորդման շրջանակում հանդիպեցինք, որտեղ տեսա շատ-շատերին:
Ամբողջությամբ՝ style.news.am