ԱԺ անկախ պատգամավոր ներկայացող Արման Բաբաջանյանը, որն իրականում Նիկոլ Փաշինյանի կուսակիցներից ավելի «նիկոլական» է, 2019թ. սեպտեմբերի 23-ին «Ազատության» եթերում հայտարարել էր, թե, իբր, «Վանեցյանի հեռացմամբ երկրում իսկապես հեղաշրջում է կանխվել, եւ դրա կարեւոր, առանցքային դերակատարը պիտի լիներ Վանեցյանը»։
Ամիսներ անց նման հայտարարություն արեց նաեւ Նիկոլ Փաշինյանի աներորդին, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ Factor.am-ի հետ զրույցում կրկնելով Բաբաջանյանի հայտարարությունը: «ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել»,- ասել էր աներորդին: Ավելի ուշ, տեսնելով, որ մամուլը հետամուտ է լինում կեղծիքի բացահայտմանը, նա խմբագրեց իր ասածը՝ նշելով, թե դա իր պնդումը չէ, այլ ինքը նման տպավորություն է ստացել Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքի հրապարակումից:
Իսկ այն, որ նշված հրապարակումը սուտ է, Արթուր Վանեցյանն ասել էր դեռ մեկ շաբաթ առաջ՝ իր հայտնի գրառման մեջ: «Հարկ եմ համարում ասել, որ նշված հրապարակման մեջ ինձ վերաբերող բոլոր դիտարկումներն ու ենթադրությունները ծայրից ծայր սուտ են, իսկ դրան հաջորդած շահարկումներն ու ֆեյքային հարձակումները՝ արդեն սովորական: Այդ հրապարակման հեղինակն ու պատվիրատուն առաջին անգամ չէ, որ ինձ իր թաքուն վախերի հետ կապելով՝ փորձում է վարկաբեկել, բայց այն, որ «պայքարը» կիջեցվեր այս մակարդակի, անսպասելի էր անգամ ինձ համար»,- գրել էր ԱԱԾ նախկին տնօրենը եւ հավելել, որ այս կեղծիքն անպատասխան չի մնալու, եւ այդ «հրապարակմամբ» արդեն իսկ զբաղվում են իր փաստաբանները:
Իսկ երեկ ԱԱԾ-ից Politik.am-ին հայտնել էին, որ Վանեցյանի կողմից հեղաշրջում նախապատրաստելու մասին հայտարարությունները կեղծ են, իսկ Փաշինյանի աներորդու հայտարարությունը հանցագործության մասին հաղորդում չի համարվի, եւ քննություն չի իրականացվի:
Փաստացի, ՀՀ վարչապետի ընտանիքի անդամները՝ նրա աներորդու, ընտանեկան ԶԼՄ-ի, անգամ դստեր ու «հավատարիմ» պատգամավորի մասնակցությամբ, ամիսներ շարունակ բացահայտ սուտ ու վարկաբեկիչ տեղեկություններ են տարածում ԱԱԾ նախկին տնօրենի հասցեին, ով այս ողջ ընթացքում աչքի է ընկել իր կոռեկտությամբ, ինչը չես ասի փաշինյանական թիմի մասին: Ավելին՝ իշխանությունների զրպարտությունը, որը նաեւ լայն տարածում է գտնում մամուլում, անգամ քննության չի ենթարկվում:
Եվ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը խոսում է մամուլի ու «քարոզչական պատերազմի» մասին, երբ ինքը՝ ընտանյոք հանդերձ, քարոզչական պատերազմ է հայտարարել Վանեցյանին: Իսկ պատճառն ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանը լուրջ տագնապ է զգում Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մտնելու հայտից: Եվ հենց սրանով էլ բացատրվում են նրան զրպարտելու` օրեցօր ավելի հիվանդագին դրսեւորումներ ստացող ջանքերը: