Մենք քննարկեցինք քննիչ հանձնաժողովի ստեղծման հարցը, այստեղ մեկնաբանություն հնչեց, թե այս հանձնաժողովի ստեղծմամբ մենք ԱԺ-ն իջեցնում ենք շրիշակի մակարդակի, ես էլ ձեզ պիտի ասեմ, որ դուք ձեր քննարկումներով ու դրանց բովանդակությամբ այս հարցն ու ԱԺ-ն իջեցրեցիք կամազների մակարդակի։ Այս մասին այսօր ԱԺ-ում Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի և Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման գույքային և ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով քննիչ հանձնաժողովի թեման ամփոփելիս ասաց հանձնաժողովի նախագահ Անի Սամսոնյանը։
Նա անդրադարձավ քննարկման ընթացքում պատգամավորների հնչեցրած մեկնաբանություններին. «Հարգելի պարոն Ենգիբարյան, այստեղ խոսք հնչեց այն մասին, որ կա մարդկանց անվանարկելու թեմա։ Ես մեծապես զարմացած եմ, որովհետև Դուք եղել եք ԼՀԿ անդամ, Դուք շատ լավ գիտեք, որ ԼՀԿ-ն ունի սկզբունք և դա իր ողնաշարն է։ ԼՀԿ-ն չի պայքարում անձերի դեմ և այս քննիչ հանձնաժողովով մենք չենք փորձում որևէ մեկին անվանարկել, մենք հետապնդում ենք երևույթը և ուզում ենք փոխել այն»։
Խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի մեկնաբանությունների մասին, Սամսոնյանն ասաց. «Իմ կոմպետենտության մասով այստեղ մի մարդ կա, որ կարող է որոշում կայացնել ու գնահատական տալ, դա իմ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն է, Դուք շատ փոքր մարդ եք։
Մենք ժամանակին ասել ենք, որ մի փորձեք խցկվել «Քաղաքացիական պայմանագրի» և «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունների մեջ և այսօր էլ ասում եմ՝ մի փորձեք խցկվել «Հանրապետություն» կուսակցության և ԼՀԿ-ի միջև»։
Սամսոնյանն առաջարկեց պատգամավորներին թոթափել անսխալականության և գերադրականության բարդույթն ու քննարկել խնդիրը, վեր հանել երևույթը.
«Բայց ինչպես տեսնում եմ դուք պատրաստակամ չեք, հարգելի գործընկերներ ու ունեք վախեր։ Ձեր վարքագիծը չի բխում ՀՀ շահերից։ Ցավում եմ բոլորիդ համար, և այսօր ինձ համար տխուր օր է, որովհետև այն ողջամիտ կասկածը, որ այս ամբիոնից ընդունեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու համաձայնեց մեզ հետ, որ պետք է քննարկվի այդ հարցը, դուք փաստորեն չեք ընդունում»։
ԼՀԿ պատգամավորը շեշտեց՝ բոլոր ամբիոններից միշտ ասել է, որ այս իշխանությունն ունի կամք կոռուպցիայի դեմ պայքարելու համար, սակայն հիմա վերանայում է իր այդ մոտեցումը։