Գրքի, գրականության երկրպագուները, գալով Հայաստանի ազգային գրադարան, այսուհետ կարող են օգտվել նաև Գրքափոխանակության անկյունից, որի դարակներում դրված են արժեքավոր հրատարակություններ՝ հայերեն և օտար լեզուներով գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ և այլն:
Անկյունում ներկայացված գրքերից ցանկացածը կարող է հայտնվել ընթերցողի գրադարակում, եթե դրա փոխարեն նա առաջարկի մեկ այլ գիրք, որը Ազգային գրադարանում բացակայում է կամ մի օրինակ կա:
«Մեր գրադարանում գործում է Գրքափոխանակության բաժին, որի նկուղներում տասնյակ հազարավոր գրքեր կան. դրանք խոնավանում են, խունանում: Այդ գրքերից շատերը բաժանել ենք մարզային գրադարաններին: Մեծ մասը փրկելու, շրջանառության մեջ դնելու նպատակով որոշեցինք ստեղծել այս անկյունը: Ընթերցողները կարող են գալ, մեր գրադարանին առաջարկել գրքեր, որոնք մեզ մոտ քիչ են կամ առհասարակ չկան, և այստեղից ընտրել իրենց գիրքը»,-նշեց գրադարանի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը:
Նա շեշտեց, որ անկյունում բազմաթիվ հետաքրքիր նախաձեռնություններ կիրականացնեն. Անկյունը կօգտագործեն նաև փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրը:
Սարիբեկյանը տեղեկացրեց, որ անկյունից կարող են օգտվել բոլոր հետաքրքրվածները:
Գրադարանի աշխատակցուհի Լուսինե Սողոմոնյանը, որն այսուհետ աշխատելու է նաև Գրքափոխանակության անկյունում, ասաց, թե գրադարան են այցելում շատ մարդիկ, որոնց հետաքրքրել է անկյունը: «Վստահ եմ, որ արդյունավետ աշխատանք է մեզ սպասում»,- նշեց Սողոմոնյանն ու հավելեց, որ գրքափոխանակության նպատակահարմարությունը կորոշի մասնագիտական հանձնաժողովը: