Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը: Հունվարի 22-ին օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Պատգամավորի խոսքով՝ առկա են բազմաթիվ դեպքեր, երբ կենսաթոշակառուները ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում բանկ ներկայանալ, ինչի պատճառով զրկվում են կենսաթոշակից: Առաջարկվում է օրենքում կատարել լրացում, ըստ որի, եթե հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուն ունի տեղաշարժման խնդիր, Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը կենսաթոշակառուի ցանկությամբ կարող է հաստատվել բանկի կողմից հեռահար եղանակով՝ առանց բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգի համաձայն:
ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: