Իսկ կարո՞ղ է վաղն էլ ասուլիս տա Տանզանիայում, որ մեր գործն ավելի բարդացնի. hraparak.am
Advertisement 1000 x 90

Իսկ կարո՞ղ է վաղն էլ ասուլիս տա Տանզանիայում, որ մեր գործն ավելի բարդացնի. hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր հերթական ասուլիսն անցկացնել Կապանում։

Ու քանի որ մամուլի խոսնակ չունի, այդ մասին մի քանի օր առաջ լրագրող-վարչապետն անձամբ էր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել՝ իր հերթական ասուլիսը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 11.00-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանում, «S’UNIQUE» կինոթատրոնի շենքում: Ապա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին առաջարկել էր հավատարմագրվել ասուլիսին մասնակցելու համար։

Սովորաբար արտագնա ասուլիսների ժամանակ կառավարությունը հոգում է լրատվամիջոցների տեղափոխման և եթե գիշերելու հարկ կա՝ գիշերակացի հարցը, սակայն այս անգամ մեր հեղափոխական իշխանությունները որոշել են այդ հոգսը չվերցնել իրենց վրա՝ ով ինչպես ուզում է պետք է Կապան հասնի, որ մասնակցի վարչապետի ասուլիսին։

«Կառավարությունը չի հոգալու տեղափոխման և կեցության ծախսերը, բոլոր լրատվամիջոցները, որոնք ցանկանում են ներկա գտնվել, սեփական միջոցներով կարող են գնալ Կապան և մասնակցել ասուլիսին»,-Hraparak.am-ին ասաց վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։ Նա նաև հիշեցրեց, որ ՀՀ տարածքում կառավարությունը երբեք լրատվամիջոցների կեցության ծախսերը չի հոգացել։ Հիմա նաև փոխադրման ծախսերը չեն հոգում։

Հարցին՝ ինչո՞ւ է կառավարությունը որոշել արհեստական բարդություններ առաջացնել լրատվամիջոցների համար, ճիշտ չէ՞ր լինի այդ ասուլիսն անել Երեւանում՝ եթե տեղափոխման հոգսը մնալու էր ԶԼՄ-ների վրա, Խաչատրյանն ասաց․ «Արհեստական բարդության խնդիր չկա, եթե գիտեք, նման մոտեցում է որդեգրվել, որ վարչապետն իր մամուլի ասուլիսները նաև մարզերում է անցկացնելու, և այս անգամ որոշում է կայացվել անցկացնել Կապանում։ Եթե հիշում եք, նախորդը տեղի է ունեցել Լոռու մարզում»։

Հիշեցրինք, որ Լոռու մարզում՝ Վանաձորում անցկացված ասուլիսին մասնակցելու համար կառավարությունը լուծել էր լրատվամիջոցների տեղափոխման, անգամ սնվելու խնդիրը, սակայն Խաչատրյանն ընդամենը կրկնեց, որ այս անգամ նման որոշում է կայացվել։

Նկատենք, որ սա լրագրող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական «սիրո» և «համերաշխության» դրսևորումն է լրատվամիջոցների նկատմամբ, երբ նա հնարավորինս բարդացնում է լրագրողների աշխատանքը։

Փաշինյանը, լավ իմանալով, որ այսօր Հայաստանում լրատվամիջոցների համար հեշտ չէ սեփական միջոցներով հասնել Կապան, այնտեղ հյուրանոց վարձակալել, որ մասնակցեն վարչապետի ասուլիսին, հատուկ այնպես է անում, որ առավելագույն դժվարություններ ստեղծի ԶԼՄ-ների համար։ Բացի այդ, առնվազն տարօրինակ է վաչապետի այս մոտեցումը՝ պարտադիր արտագնա ասուլիսներ կազմակերպել, այն դեպքում, երբ լրատվամիջոցների մեծ մասը Երևանում են գործում։

Այդ դեպքում հետաքրքիր է՝ ում համար է վարչապետը Կապանում ասուլիս տալիս՝ քանի լրատվամիջոց կա Կապանում։ Նույն տրամաբանությամբ՝ հաջորդ անգամ Նիկոլ Փաշինյանը կարող է իր ասուլիսը կազմակերպել, ասենք, Լոնդոնում, Նյու Յորքում, Տոկիոյում կամ, ասենք, Տանզանիայի մայրաքաղաք Դոդոմայում։ Ստացվում է՝ այն լրատվամիջոցները, որոնք հնարավորություն չեն ունենա մեկնել վերոնշյալ երկրներ, կզրկվեն վարչապետի ասուլիսին մասնակցելու հնարավորությունից։ Կարծես թե վարչապետին օր առաջ մի խելքը գլխին մամուլի խոսնակ է հարկավոր, որ այս տարրական նրբությունները նրան հուշի։

hraparak.am