Երևանի կենդանաբանական այգու և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում համալսարանի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան են անցնում կենդանաբանական այգում։
Պրակտիկայի ընթացքում համալսարանի ուսանողները ներգրավվում են այգու ամենօրյա կենդանաբուժական գործողություններին, մասնավորապես՝ բժշկական զննումներին, կենդանիների սննդակարգերի կազմմանը‚ խնամքին և այլ համանման մասնագիտական աշխատանքների իրականացմանը։
Օվսաննա Գևորգյանը և Գոռ Ծատուրյանը սովորում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի 5-րդ կուրսում‚ մասնագիտությամբ անասնաբույժ են և իրենց արտադրական պրակտիկան հունվարին անցել են կենդանաբանական այգում։
Գոռ Ծատուրյանը նշում է‚ որ պրակտիկան բազմաբնույթ է‚ ընտրել են կենդանաբանական այգին‚ քանի որ այստեղ հնարավորություն կա շփվելու‚ աշխատելու ամենատարբեր կենդանիների հետ‚ համագործակցելու այգու հմուտ մասնագետների հետ։ Ըստ նրա՝ այգու մասնագետներից տեղեկանում են կենդանիների խնամքի մասին։ «Յուրաքանչյուր կենդանի իր յուրահատուկ խնամքն է պահանջում‚ խնամքի նրբություններ գոյություն ունեն‚ որոնց մասին տեղեկանում ենք կենդանաբանական այգու մասնագետների հետ զրուցելով»‚- ասում է Գոռ Ծատուրյանը։
Գոռը և Օվսաննան պատմում են‚ որ հաճելի է աշխատել տարբեր կենդանիների հետ։ Պրակտիկայի ընթացքում ծանոթացել են գետաձիու բերանի խնամքին‚ մասնակցել են փղի ոտքերի եղունգների հարդարմանը‚ ակվատեռարիումում ծանոթացել են էկզոտիկ կենդանիների կերակրմանը և այլն։