Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է։ Մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան։
Կարապետ Խաչվանքյանը ծնվել է հունվարի 23-ին, 1923 թվականին՝ Վրաստանում։ Հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։
20-րդ դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է։ Բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ կերտել է և´ կատակերգական, և´ երաժշտական կերպարներ։
Կարպ Խաչվանքյանի ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս: 1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։
1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 1984-1988 թվականներին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր։
Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։
Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։