«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում սրտի ստենտավորման գների նվազեցումը չի լինի որակի հաշվին. ԲԿ տնօրեն
Advertisement 1000 x 90

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ում սրտի ստենտավորման գների նվազեցումը չի լինի որակի հաշվին. ԲԿ տնօրեն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում սրտի ստենտավորման արժեքի նվազեցումը չի լինի որակի հաշվին, ԲԿ-ն գնիջեցման է հասել ծախսերի նվազեցման, մրցակցային դաշտի թափանցիկության և խնայողության արդյունքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին վստահեցրեց Սուրբ Գրիգոր լուսավորիչ ԲԿ տնօրեն Արման Հովակիմյանը՝ անդրադառնալով հարցին՝ հնարավո՞ր է արդյոք, որ գնիջեցումն արվել է նախորդները որակապես ավելի ցածր ու մատչելի ստենտներով փոխարինելու հաշվին:

«Որակի հաշվին մենք որևէ գնիջեցում չենք անում, պարզապես ծախսերի նվազեցման, մրցակցային դաշտի թափանցիկության և գումարների խնայողության արդյունք է սրտի ստենտավորման առավել մատչելի արժեք ձևավորվել: Ավելացնեմ, որ մեզ մոտ օգտագործվում են միայն հայտնի բժշկական բրենդների բարձրորակ ստենտներ»,-ասաց Հովակիմյանը:

ԲԿ տնօրենը նաև նշեց՝ մեկից ավելի ստենտով ստենտավորման դեպքում գնային տարբերությունը զգալի է: Այս պահին 3 ստենտով ստենտավորումն իրականացվում է 1 մլն 650 հազար դրամով, իսկ 4-ը` 2 մլն 50 հազար դրամով: Փետրվարի մեկից 3 ստենտովը կարժենա 1մլն 250 հազար դրամ, իսկ 4 ստենտի դեպքում` քաղաքացին կվճարի 1 մլն 500 հազար դրամ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որպես պետական հիվանդանոց, Հայաստանում ամենաէժան ստենտավորումը կիրականացնի այսուհետ՝ Հովակիմյանը պատասխանեց՝  հնարավոր է, որ այդպես է։  «Սակայն ուզում եմ շեշտն այլ հարցի վրա դնել: Սա վճարովի ծառայությունների գնացուցակով ամենաէժանն է, սակայն արտառոց չեմ ուզում համարել, քանի որ մենք այդ գները հավասարեցրել ենք ստենտավորման` պետության կողմից փոխանցվող գումարին: Այնպես որ, փետրվարի մեկից պետպատվերի և վճարովի ծառայության արժեքը նույնական կլինեն:

ԲԿ տնօրենը վստահեցրեց՝ մշտապես իրականացնում են նաև բժշկական ծառայությունների որակի բարձրացման աշխատանքներ: Ստեղծել են սրտաբանական անհետաձգելի շուրջօրյա հերթափոխ հենց ստենտավորման ծառայություն իրականացնելու նպատակով: Հերթափոխը 24/7 ռեժիմով աշխատելու է անհետաձգելի ընդունարանում և վերակենդանացման բաժանմունքում:



Նման նյութեր