Իրո՞ք չինական կորոնավիրուսն այդքան վտանգավոր է. փորձագետի կարծիք
Advertisement 1000 x 90

Իրո՞ք չինական կորոնավիրուսն այդքան վտանգավոր է. փորձագետի կարծիք

Չինական 2019-nCoV կորոնավիրուսն այժմ համընդհանուր ուշադրության կենտրոնում է, բայց արդյո՞ք այն այդքան վտանգավոր է, որքան կարող է թվալ։ Իրականում սովորական սեզոնային գրիպը եւ ՍՇՎ-ն շատ ավելի վտանգավոր են, քան այս վիրուսը, կարծում է ինֆեկցիոնիստ Ուիլյամ Շաֆները Vanderbilt University Medical Center-ից։

«Այս ձմռանը գրիպով ավելի շատ մարդիկ կվարակվեն, եւ ավելի շատ մարդիկ կմահանան դրանից, քան այդ կորոնավիրուսից»,- ասել է մասնագետը։

Նրա խոսքով՝ մարդիկ այնպես չեն վախենում գրիպից ու ՍՇՎ-ից, ինչպես նոր կորոնավիրուսից, չէ՞ որ դրանք, ի տարբերություն վերջինի, ծանոթ ու հասկանալի են թվում։ Եվ դա կարող է հանգեցնել խնդիրների։

Կորոնավիրուսով վարակվելու ախտանշանները նման են գրիպի եւ ՍՇՎ-ի ախտաշաններին. տենդ, ջերմություն, շնչառական խնդիրներ եւ թոքերի ախտահարում (թոքաբորբ)։ Ինկուբացիոն շրջանը, փորձագետների կարծիքով, 2 շաբաթ է, բայց այս տվյալները դեռեւս ճշտված չեն։

Վիրուսից մահացել է առնվազն 25 մարդ, բայց հարկ է նշել, որ նրանց մեծ մասն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա եւ սրտի հիվանդություններ։ Ավելին, զոհերի մեծ մասը 80 տարեկանից մեծ է եղել։ Փորձագետների կարծիքով՝ երիտասարդ եւ առողջ մարդկանց համար վիրուսն ավելի փոքր սպառնալիք է ներկայացնում, քան տարեցների համար, որոնք արդեն հիվանդություններ ունեն։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտահերթ նիստի արդյունքներով որոշել է առայժմ արտակարգ դրություն չհայտարարել։ Բայց ԱՀԿ փորձագետները մտադիր են նորից քննարկել իրավիճակն առաջիկայում։

Անգամ եթե դուք երիտասարդ եք եւ առողջ, ավելորդ չի լինի զգույշ լինել թե՛ կորոնավիրուսով, թե՛ գրիպով կամ ՍՇՎ-ով վարակվելը կանխելու համար։ Ավելի վաղ մենք մի քանի խորհուրդներ էինք ներկայացրել, թե ինչպես կարելի է պաշտպանվել դրանցից։ Խորհուրդ ենք տալիս հետեւել այդ խորհուրդներին, հատկապես եթե պատրաստվում եք մեկնել արտասահման։ Հիշեցնենք, որ հիվանդության դեպքեր են գրանցվում արդեն ոչ միայն Չինաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս։

news.am



Նման նյութեր