40 տարեկանում վաղ դաշտանադադարը կապված է 60 տարեկանում քրոնիկ հիվանդությունների առաջացման ռիսկի եռակի մեծացման հետ, ներառյալ՝ սրտային անբավարարություն եւ դիաբետ, հաղորդում է Human Reproduction-ը:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, հետազոտողները նման եզրակացության են եկել՝ 20 տարի ուսումնասիրելով 40-50 տարեկան ավելի քան 5000 կանանց: Ամեն 3 տարին մեկ ուսումնասիրվել է, թե արդյոք նրանց մոտ կա դիաբետ, բարձր զարկերակային ճնշում, սրտային հիվանդություն, կաթված, կրծքագեղձի քաղցկեղ եւ այլ լուրջ հիվանդություններ:
Կանանց 2,3%-ի մոտ դաշտանադադար է սկսվել մինչեւ 50 տարեկանը: Մոտ 71%-ի մոտ վաղ դաշտանադադարի հետ կապված բազմաթիվ քրոնիկ հիվանդություններ են առաջացել: Իսկ 55%-ի մոտ, որոնց մոտ դաշտանադադարը սկսվել է 50-51 տարեկանում, միայն մեկ հիվանդություն է գրանցվել:
Հետաքրքիր է, որ պատկերը գրեթե չի փոխվել ռիսկի այլ գործոններ հաշվի առնելուց հետո, օրինակ՝ կանանց մոտ երեխաների առկայություն կամ բացակայություն, կրթություն, մարմնի զանգվածի ինդեքս, ծխել եւ ֆիզիկական ակտիվություն:
Գիտնականների խոսքով՝ նման միտման հնարավոր բացատրություն կարող են լինել գենետիկ տարբերությունները: Բացի այդ, օրգանիզմի ծերացման պրոցեսները եւս արագացնում են էստրոգեն հորմոնի արտադրման նվազեցումը: