Առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում
Advertisement 1000 x 90

Առողջապահության նախարարությունը նոր կորոնավիրուսով վարակը կանխելու խորհուրդներ է ներկայացնում

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունը Հայաստանում չհիվանդանալու և դեպքերի ներկրումը կանխելու համար ակտիվ միջգերատեսչական համագործակցություն է ծավալել պատասխանատու մարմինների հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը,
  • եթե գտնվում եք Չինաստանում, հատկապես՝ Ուհան կամ հարակից քաղաքներում, ապա խուսափե´ք կամ բացառե՛ք կենդանական (հատկապես՝ ծովամթերքի) շուկաներ այցելելուց,
  • օգտագործե´ք միայն լավ եփված սնունդ, շշալցված ջուր,
  • խուսափե´ք շնչառական վարակներով հիվանդների հետ սերտ շփումից,
  • մի այցելե´ք կենդանաբանական այգիներ կամ մի մասնակցե´ք մշակութային միջոցառումների, որտեղ ներգրավված են կենդանիներ,
  • օգտագործե´ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ),
  • լվացե´ք ձեռքերը դրսից տուն գալիս և սնունդ ընդունելուց առաջ,
  • գրիպանման երևույթների առկայության դեպքում դիմե´ք բժշկի,
  • մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  • եթե վերադարձել եք Չինաստանից և ձեզ մոտ առկա են գրիպանման հիվանդություններին բնորոշ ախտանշաններ, ապա դիմե´ք բժշկական օգնության՝ նշելով ճամփորդության մասին:

Հարկ է նշել, որ առողջապահության նախարարությունն ակտիվ միջգերատեսչական համագործակցություն ունի պատասխանատու մարմինների հետ։

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից մշակվել է «Նոր վարակ Չինաստանում, «Նոր կորոնավիրուս (2019-nCoV)»» վերտառությամբ տեղեկատվական պաստառը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ դրանք տեղադրվել են Հայաստանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում։

Միաժամանակ, առողջապահության նախարարության մասնագետները կգործուղվեն ՀՀ պետական սահմանի անցման կետեր՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հետ համատեղ քննարկման արդյունքում որոշում է կայացվել, ըստ որի՝ հունվարի 26-ից ՍԱՏՄ-ի կողմից արգելվել է Չինաստանից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը ՀՀ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ: