Հայկական սպորտի կարկառուն ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի մահվան կապակցությամբ:
Ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Տխուր պահ է համաշխարհային սպորտի համար: Ոգեշնչող, օրինակելի և հավերժ հաղթող մեկն էիր բոլոր մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ Կոբի»:
Հունահռոմեկան ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հիշել է Բրայանթին տեսնելու պահը` Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ:
«Գիշերները՝ ժամը երեքի չորսի կողմ, երբ արդեն չգիտեի էլ ինչով զբաղվել, որ մտքերս ցրվեին, գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր, ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ, որոնց ճանաչում էի, կամ նոր էինք ծանոթանում…
Այդպես մի գիշեր տեսա Քոբի Բրայանթին, ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած՝ իր 2 թիմակցի հետ։ Արդեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում,թե քանիսը կուզեին նրա տեղը լինել… Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում, հանգիստ նստած էր,բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է»,-գրել է Ջուլֆալակյանը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ իր Ինստագրամի էջում լուսանկար տեղադրելով գրել է. «Հանգչիր խաղաղությամբ. լեգենդ»: