Հայ նշանավոր կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ եւ, պարզապես, մեծանուն հայ Տիգրան Մանսուրյանն այսօր` հունվարի 27-ին տոնում է ծննդյան 81-ամյակը։ Մաեստրոն չի պատրաստվում հանգստանալ անգամ ծննդյան օրը: Նա վաղ առավոտյան է վերադարձել Չեխիայում կայացած իր շրջագայությունից, իսկ այսօր մասնկցել է իր հոբելյանին նվիրված մամուլի ասուլիսին, կիսվել խոհերով ու նորություններով:
«Չեխիայում երկու օր հնչեց իմ «Ռեքվիեմը», ունեցա հանդիպումներ այնտեղի հայ համայնքի տարբեր խմբերի հետ, եւ, անշուշտ, համերգներ, որոնք շատ պատասխանատու էին: «Ռեքվիեմը» աշխարհի տարբեր մայրցամաքներում շատ է հնչել: Այս համերգներն ընդունելութան եւ քաղաքի երաժշտական կյանքի տեսանկյունց շատ կարեւորվեցին ինձ համար»,- պատմում է կոմպոզիտորը, որն արդեն ձեռնամուխ է եղել նոր աշխատանքին:
«Շատ ծանր մի գործով եմ զբաղված, որն աշնանը պետք է հնչի Իտալիայի երեք քաղաքներում: Շատ մտահոգ եմ այս գործի որակի հետ կապված: Մինչեւ մարտի վերջ այն պետք է ավարտեմ: Այս տարի աշխարհի մշակութային իրականությունը տոնում է Ալիգիերի Դանթեի 700 տարին: Այս առիթով երեք հեղինակի առաջարկել են, որ ամեն մեկը գրի «Աստվածային կատակերգության» մի հատվածը` «Դժողք», «Քավարան» եւ «Դրախտ»: Ինձ առաջակվել է «Քավարանի» հատվածը: Ես հանաձայնվեցի: Ճիշտն ասած` այլ ծրագրեր էլ կան, որոնց դեռ վերջնական պատասխան չեմ տվել: Սովորաբար, երբ ճամփորդությունից վերադառնում ես, հայացքդ քո աշխատանքի վերաբերյալ վերանորոգված է լինում»,- ասում է նա ու հավելում` իր հայաստանյան գործունեության մեջ նախապատվությունն այս շրջանում տալիս է հայ պոեզիային, ինչի հետ կապված էին իր նախորդ տարվա հոբելյանական համերգները:
Իսկ այս տարի, ինչպես ինքն է նշում` տարեդարձը լինելու է «սովորական»: «Երեկոյան մտերիմներով կհավաքվենք, մի քիչ կզրուցենք, կենաց կբարձրացնենք… Առաջ ավելի թարմ էին զգացողությունները: Առաջ ամբողջն իմաստ ուներ, հիմա ըստ երեւույթին` մի կողմից հոգսերի ծանրությունը, մյուս կողմից տարիքը մի քիչ առօրեական են դառնում: Անկեղծ ասած` երբեմն երիտասարդ տարիքի այս կամ այն թռիչքին ուզում եմ նորից հասնել. այնպես չէ, որ չես զգում քո տարիքը… զգում ես»:
Ամբողջությամբ՝ news.am