VNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթները: Այսօր կանդրադառնանք «Գանձասար-Կապանին»:
1․ «Գանձասար-Կապանը» 28-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտեց 9-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 14 միավոր (+3=5-7, 15-21), ինչը հնարավոր միավորների 31,1 տոկոսն է:
Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի 15 հանդիպումներում «Գանձասար-Կապանը» 16 միավոր էր վաստակել (+4=4-7, 14-15), ինչը հնարավոր միավորների 35,5 տոկոսն էր:
Իսկ նախորդ առաջնության աշնանային հատվածը «Գանձասար-Կապանն» ավարտել էր 6-րդ հորիզոնականում՝ 17 հանդիպումներում վաստակելով 22 միավոր (+6=4-7, 19-16), ինչը հնարավոր միավորների 43,1 տոկոսն էր:
2․ «Գանձասար-Կապանն» անհավասարաչափ ելույթներ ունեցավ առաջնության աշնանային հատվածում: Առաջին շրջանի 9 հանդիպումներում թիմն ընդամենը 7 միավոր վաստակեց (+1=4-4, 7-11), ինչը հնարավոր միավորների 25,9 տոկոսն է: Նույնքան միավոր (+2=1-3, 8-10) գանձասարցիների օգտին գրանցվեց երկրորդ շրջանի 6 խաղերում, ինչը հնարավոր միավորների 38,8 տոկոսն է:
«Գանձասար-Կապանը» սեփական հարկի տակ անցկացրած 8 հանդիպումներում վաստակեց 11 միավոր (+3=2-3, 10-10), ինչը հնարավոր միավորների 45,8 տոկոսն է: Սեփական հարկի տակ գանձասարցիները պարտվել են «Արարատին» (0-1), «Փյունիկին» (1-2) և «Ուրարտուին» (2-4):
Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում կապանցիների օգտին գրանցվեց հնարավոր միավորների 14,2 տոկոսը (+0=3-4, 5-11): «Երևանից» հետո դա վատագույն արդյունքն է:
3․ «Գանձասար-Կապանը» թարմացրեց առանց հաղթանակների խաղերի թիմային իր հակառեկորդը՝ մեկնարկային 8 հանդիպումներում այդպես էլ չվայելելով հաղթանակի բերկրանքը (4-ական ոչ-ոքի և պարտություն): Նախորդ առաջնությունում կապանցիները չէին հաղթել մեկնարկային 6 հանդիպումներում (3-ական ոչ-ոքի և պարտություն): Առաջնությունում առաջին հաղթանակը գանձասարցիները տոնեցին միայն 9-րդ խաղում՝ սեփական հարկի տակ 2-0 հաշվով հաղթելով «Երևանին»:
Մեկնարկային 5 հանդիպումներում էլ «Գանձասար-Կապանը» գոլ բաց թողեց՝ կրկնելով թիմային հակառեկորդը (2009, 2013/14, 2017/18թթ.):
Անցկացրած 15 հանդիպումներից միայն 3-ում է կապանցիների դարպասն անառիկ մնացել: Նույնքան խաղում էլ գանձասարցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը:
Գանձասարցիների մասնակցությամբ հանդիպումներում առայժմ խոշոր հաշիվ չի գրանցվել:
Ամբողջությամբ՝ vnews.am