«Երբեք իմ կյանքում ես այնտեղ չեմ գնա». Հրայր Թովմասյանը՝ կառավարական առանձնատուն տեղափոխվելու մասին
Advertisement 1000 x 90

«Երբեք իմ կյանքում ես այնտեղ չեմ գնա». Հրայր Թովմասյանը՝ կառավարական առանձնատուն տեղափոխվելու մասին

Մեր օրենսդրությամբ Սահմանադրական դատարանի նախագահին կառավարությունը պետք է հատկացնի այդ տունը, եւ եթե ֆորմալ հաշվենք, ես երբեք դրանից չեմ էլ հրաժարվել, բայց երբեք իմ կյանքում ես այնտեղ չեմ գնա եւ այնտեղ չեմ ապրի: Այս մասին 168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՍԴ նախորդ նախագահն ապրում էր կառավարական առանձնատանը:

«Ես դեմ եմ այդ երեւույթին, քանի որ երեւի բացառությամբ երկրի առաջին դեմքի, մնացած որեւէ մեկին նման բնակարան հատկացնելու, նման ծախսեր անելու անհրաժեշտություն չկա: Եթե ես երբեւէ որոշում կայացնողը լինեի, ընդհանրապես կօտարեի: Կան մեզնից հարուստ երկրներ, օրինակ Գերմանիան, որտեղ Անգելա Մերկելն ապրում է Բեռլինում իր 200 քմ տարածքով բնակարանում, որը գտնվում է սովորական շենքի 4-րդ հարկում: Այո, իմ այդ իրավունքը կա, բայց ես հրապարակայնորեն հրաժարվում եմ այնտեղ տեղափոխվելուց, ես ունեմ իմ տունը»,-ասաց Թովմասյանը:

Նա անդրադարձավ նաեւ իրեն կալանավորելու հեռանկարին՝ նշելով. «Ես կարող եմ դուրս գալ, ինձ չեն կարող կալանավորել, իսկ եթե կկալանավորեն, ինձ համար այդ սցենարները սպասելի է, ես պատրաստ եմ ցանկացած սցենարի: Լավ, ասում են՝ սրա հետ ինչ անենք: Ի՞նչ եք ուզում անեք»:



Նման նյութեր