Ֆուտբոլի և ֆուտբոլիստների մասին պատմող համաշխարհային ամենատարածված բլոգներից մեկը՝ «Pundit Feed»-ը, անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանին՝ շատերի համար բացահայտելով ֆուտբոլի հետ նրա «գենետիկ» կապի, պատմելով հոր` Համլետ Մխիթարյանի մասին:
Հոդվածագիր Էմին Ուրկան նյութի սկզբում մեջբերում է Mike +the Mechanics խմբի 1988 թվականի «The Living years» երգին, որտեղ խոսվում է հոր մասին, ով իր նորածին տղայի մեջ տեսնում է իր իսկ հորը և ցավում է, որ չի հասցրել նրան ասել այն ամենն, ինչ ցանկանում էր: Հեղինակը, մասնավորապես, գրում է. «Մենք բոլորս գիտենք Հենրիխ Մխիթարյանին, բայց ի՞նչ գիտենք նրա հոր` Համլետ Մխիթարյանի մասին»: Հոդվածագիրը պատմում է, որ Համլետ Մխիթարյանը, որի տղան Հայաստանից դուրս հանդես եկող մեծագույն ֆուտբոլիստն է, Խորհրդային միության տարիներին եղել է ֆուտբոլիստ և կյանքից հեռացել է շատ վաղ: Պատմելով Համլետ Մխիթարյանի անցած ուղու մասին` հոդվածագիրն առանձնացնում է. «Համլետն իր սերնդի ամենավառ դեմքերից էր, որ երկրպագուներին հայտնի էր իր դինամիկ խաղի և արագության շնորհիվ: Ոմանք նույնիսկ նրան համեմատում էին Ռոբերտո Բաջոյի հետ»:
Հոդվածում անդրադարձ կա նաև Համլետ Մխիթարյանի՝ Ֆրանսիայում կերտած կարիերային, որտեղ նա հանդես էր գալիս հայկական սփյուռքի կողմից ստեղծված «Վալանս» ակումբում, որտեղից հեռացավ 1995 շոկային լուրից հետո. նրա մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի քաղցկեղ: Համլետն իր ընտանիքով տեղափոխվեց Երևան: Նա կյանքից հեռացավ 1996 թվականին 33 տարեկանում:
Մահից 10 տարի անց նրա տղան` Հենրիխ Մխիթարյանը, իր նորամուտը տոնեց Երևանի «Փյունիկ»-ի կազմում` 17 տարեկանում. «Հենրիխը խաղաոճով և հասակով նման է հորը, նա կարծես Համլետի ուրվականը լինի խաղադաշտում»:
Անդրադարձ կա նաև Հենրիխ Մխիթարյանի և Յուրի Ջորկաեֆի փոխհարաբերություններին, և շեշտված է այն հանգամանքը, որ հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Ջորկաեֆը Մխիթարյանի համար եղել է օրինակելի կերպար: