Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն մեղադրանք է ներկայացրել հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Դուք կասկածվում եք պետական դավաճանության, Ուկրաինայի սահմանները փոփոխելու նպատակով Ռուսաստանի իշխանությունների ներկայացուցիչներին օժանդակելու, Ուկրաինայի Սահմանադրությունը խախտելու և ագրեսիվ պատերազմ սանձազերծելու մեջ»,-հայտարարել է նա՝ օգտվելով դատարանի նիստի տեխնիկական ընդմիջումից, որտեղ Յանուկովիչը Դոնի Ռոստովից տեսակապով որպես վկա պետք է հանդես գա 2014 թվականին «մայդանի» իրադարձությունների շուրջ:
Բացի այդ, Լուցենկոն Յանուկովիչին մեղադրել է պետությանը վնաս պատճառելու մեջ, որը 1 տրլն 80 մլրդ գրիվնա գումարի կորուստներ է բերել:
Լուցենկոն ընդգծել է, որ մեղադրանքը ներկայացնում է բանավոր ձևով, ընդ որում՝ հավելելով, որ «փաստաթուղթը հանձնվում է Յանուկովիչի փաստաբանին»: Գլխավոր դատախազի հայտարարությունից հետո Ուկրաինայի զինվորական դատախազության ներկայացուցիչները նախկին նախագահի՝ Կիևի Սվյատոշինյան շրջանային դատարանում գտնվող փաստաբաններին հանձնել են մեղադրանքի տեքստի պատճենը: Գրավոր տեքստը, ինչպես խոստացել է Լուցենկոն, նոյեմբերի 28-ին կուղարկվի Ռուսաստանում Յանուկովիչի բնակության բոլոր հայտնի հասցեներով:
Պարզաբանելով իր գործողությունները՝ Լուցենկոն լրագրողներին հայտարարել է, որ մեղադրանքները կառուցվում են Ռուսաստանի նախագահին Յանուկովիչի՝ 2014 թվականի մարտի 1-ի գրավոր դիմումի փաստի վրա, որում նա խնդրում է ռուսական զինված ուժեր օգտագործել խաղաղությունն ու իրավակարգը վերականգնելու նպատակով:
Կիևի Սվյատոշինյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահին որպես պաշտպանության վկա է լսում «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին աշխատակիցների դեմ դատավարությունում: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը «Բերկուտ»-ի մարտիկներին մեղադրում է 2014 թվականի փետրվարին «եվրամայդանի» օրերին մարդկանց գնդակահարությունների մեջ:
Նիստը պետք է տեղի ունենա նոյեմբերի 25-ին, բայց այն հարկ եղավ հետաձգել այն պատճառով, որ ուկրաինական կողմը չկարողացավ դատարան բերել մեղադրյալներին, քանի որ հետաքննչական մեկուսարանի շենքը, որտեղ պահվում են «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման նախկին մարտիկները, շրջափակել էին արմատականները: Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավագովը հայտարարել է, որ ոստիկանությունը չի միջամտում այդ իրադրության: