Ակնհայտ ու անվիճելի է՝ իշխանությունը լծվել է ամեն ինչի գնով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու գործին. Գևորգ Պետրոսյանը՝ Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժին մասին. tert.am
Advertisement 1000 x 90

Ակնհայտ ու անվիճելի է՝ իշխանությունը լծվել է ամեն ինչի գնով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու գործին. Գևորգ Պետրոսյանը՝ Թովմասյանի վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժին մասին. tert.am

Ակնհայտ ու անվիճելի է, որ իշխանությունը լծվել է ամեն ինչի գնով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից ազատվելու գործին, կույր է պետք լինել դա չնկատելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում հեռարձակված՝ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստված ռեպորտաժին, որն, ըստ Թովմասյանի պաշտպանների, ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է:

Պատգամավորն ընդգծեց, որ նախաքննական գաղտնիք հրապարակելու համար կա քրեական պատասխանատվություն:

«Ասում են, թե ժամանակը հետ չի ընթանում, բայց փաստորեն այդպես չէ. մենք մի քանի որ առաջ տոնեցինք 2020 թ., բայց մի քանի օր հետո վերադարձել ենք 1937 թ՝. և դեռ ավելի վայրագ ու անբարո միջոցներով»,-ասաց նա:

Վերջինիս կարծիքով՝ գործում են երկակի ստանդարտներ. «Իշխանությունն ինչո՞ւ չի արգելափակում ՍԴ դուռը, որ ներս չթողնի անբան դատավոր, ինքնահռչակ «նախագահ» Վահե Գրիգորյանին: Եթե իշխանությունը երկակի ստանդարտներ չի կիրառում, թող նրա նկատմամբ էլ ուշադիր լինի, մինչդեռ վարչապետը հայտարարում է, թե տեղյակ չէ, որ Վահե Գրիգորյանն աշխատանքի չի ներկայանում: Ո՞վ է այն միամիտը, որ կհավատա դրան»,-նշեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ խնդիրն անգամ Հրայր Թովմասյանը չէ. «Կարող եմ ասել, որ Հրայր Թովմասյանն էլ հավանաբար արդեն ինքն իր համար չի պայքարում. պայքարն ինստիտուցիոնալ բնույթ ունի: Երբ վերջին ամրոցը հանձնվում է, կամայականության զոհ է դառնում, ուրեմն՝ պետք է այլևս ձեռք քաշենք իրավական պետության գաղափարից»:

Պետրոսյանի կարծիքով՝ իրավապահ մարմինները նաև այլ գործողություններ են իրականացնում, որոնց իրավունքը չունեն՝ մարդկանց առանց անհրաժեշտության տներից ձերբակալում են, տանում, հետո մի քանի ժամ պահում ու բաց թողնում: «Կարծում եմ՝ սրանք ոչ ուղղակիորեն, բայց անուղղակիորեն նորից միտված են նրան, որ երկրում ստեղծեն ճնշվածության մթնոլորտ, որ օրորոցում խեղդեն քաղաքական այլախոհությունը, և իշխանությունն անի այն, ինչ ցանկանում է, կամ ինչ իրեն պարտադրում են «վերևներից»»,-ասաց նա՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների նման խախտումները ոչ միայն վտանգում են երկրի իրավական անվտանգությունը, այլև երկրի միջազգային հեղինակությունը:

«Դրա համար ես կոչ եմ անում վարչապետին և ընդհանարապես նրա կողմից ղեկավարվող անձանց թողնել նախկին իշխանությունների բանեցրած երկակի ստանդարտների գործելաոճը և անցնել օբյեկտիվ գործունեության դաշտ»,-ասաց նա:

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր