Հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերությունը հունվարի 29-ին կոպտագույնս խախտել է օրենքով իրեն վերապահված գործառույթները և լրատվական էթիկայի կանոնները լուրերի թողարկման ժամանակ տեսանյութ հեռարձակելով ՀՔԾ-ում քննվող Սահմանադրական դատարանի նախագահին վերաբերվող գործի մասին:
Մոտ 4 րոպե տևողությամբ ռեպորտաժը, այսպես ասած, ֆիլմը, որը բաղկացած էր երկու մասից, Հայաստանի գործող իշխանության կողմից Սահմանադրական դատարանի նախագահի դեմ իրականացվող քաղաքական հետապնդման ակնհայտ քարոզչություն էր, որտեղ իսպառ բացակայում էր երկրորդ կողմի կարծիքը, իր մեջ ներառում էր շարունակվող քննության պայմաններում անձանց մեղավորության վերաբերյալ կատեգորիկ դատողություններ, անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում և իշխանությունների կողմից ապագա դատական գործընթացների վրա պետական լրատվամիջոցի միջոցով քողարկված և միջնորդավորված ճնշում: Հ1-ի տեսանյութում կոպտագույնս խախտված էր նաև ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը «Քրեական վարույթի շրջանակում դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են՝ առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի եւ դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը, բացառելով դատավորի գործունեությանը ուղղակի կամ անուղղակի որեւէ միջամտություն»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարում է, որ Հայաստանի հարկատուների գումարներով գործունեություն ծավալող Հանրային Հեռուստաընկերության գործելաոճը բացարձակապես անհամատեղելի է ՀՀ օրենսդրությունից բխող գործառույթների և լրատվական էթիկայի կանոնների հետ: Հանրային Հեռուստաընկերության լրատվական բաժնի այլանդակման ողջ պատասխանատվությունը կոլեկտիվ տեսանկյունից կրում են ՀՀ իշխանությունները, իսկ անձնական տեսանկյունից` Հանրային հեռուստառադիոյի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը և Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանը: Կոչ ենք անում ՀՌՀՀ-ին և անձամբ ՀՌՀՀ ղեկավար Տիգրան Հակոբյանին ի վերջո սկսել օրենքով վերապահված կարգով իրացնել ՀՌՀՀ գործառույթները և կարգի հրավիրել, օրենքի տառին և լրագրողական էթիկային համապատասխանեցնել Հայաստանի հարկատուների գումարներով գործունեություն ծավալող հեռուստաընկերության լրատվական քաղաքականության պատասխանատուներին:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև հայտարարում է, որ Հանրային Հեռուստաընկերության միակողմանի քաղաքական քարոզչական գործունեության մասին տեղյակ է պահելու միջազգային կառույցներին և խնդիրը բարձաձայնելու է լրատվամիջոցներին համախմբող միջազգային ատյաններում: