ՀՀ կառավարությունը մտադիր է հայ–վրացական սահմանի Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում «Դյութի ֆրի» կետեր կբացել։ Որոշման նախագիծն այսօր ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։
«ՊԵԿ–ը այս հարցով զբաղվում է այն պարզ պատճառով, որ թե՛ Բագրատաշենի և թե՛ Բավրայի մաքսային կետերն ու դրանց հարակից սպասարկման գոտիները հանդիսանում են մաքսային հսկողության գոտի։ Եվ մենք որոշակի պահանջներ ենք դնում այն տնտեսվարողների առաջ, որոնք ցանկանում են այդ տարածքներում անմաքս առևտրի կետեր հիմնել»,– պարզաբանեց նա։
Անանյանը նաև նշեց, որ տվյալ որոշման համաձայն` նման ցանկություն է հայտնել հայաստանյան «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը ռուսաստանյան համանուն ընկերության դուստր ձեռնարկությունն է։
ՊԵԿ նախագահի խոսքով` «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՄԱՐԿԵՏ ԱՐՄԵՆԻԱ»–ն նախատեսում է Բագրատաշենի տարածքում անմաքս առևտրի խանութ կառուցելու համար կատարել 2.5 մլն եվրոյի չափով ներդրում, իսկ Բավրայի մաքսակետում` 1.5 մլն եվրոյի։
Ընկերությունը խոստանում է երկու մաքսակետերում ստեղծել ավելի քան 250 աշխատատեղ, որից 150–ը` Բագրատաշենում, 100–ը` Բավրայում։
«Ընկերությունը դիմել է մեզ 2019թ–ի հունիսին։ Դիմելու ժամանակահատվածում եղել է միակ ընկերությունը, որ դիմել է այդպիսի մտադրությամբ»,– ասաց Անանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն, անընդունելի համարեց նման որոշումը մեկ ընկերության առաջարկով ընդունելը։
«Ինչո՞ւ չենք այդ ամեն ինչը դնում մրցութային տրամաբանության մեջ, որպեսզի ունենանք ամենալավ նախագիծը, ՀՀ–ն էլ ունենա ամենամեծ օգուտը։ Համայնքի ղեկավարին ասում ենք` վարձակալությամբ տուր, հետո գնում ենք, տեսնում` համայնքի ղեկավարը նվազագույն գնով վարձակալության է տվել հողը»,– ասաց նա։
Ներկայացված որոշումը վարչապետի առաջարկով հանվեց կառավարության նիստի օրակարգից` պայմանով, որ կքննարկեն նաև այլ տնտեսվարողների առաջարկները` դրանցից լավագույնն ընտրելու համար։