Լրագրող, վավերագրող, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ Ցվետանա Պասկալևան գրողների և ազատամարտիկների ընկերակցությամբ տոնեց ծննդյան վաթսունամյա հոբելյանը: Միջոցառումն անց է կացվել Ավ.Իսահակյանի անվան գրադարանում:
Պասկալևային ընդունեցին ծաղիկներով, ծննդյան տորթով և բարեմաղթանքներով` ներկայացնելով հոլովակ, որը պատմում է նրա` Արցախյան ազատամարտի ժամանակ կատարած ծանր աշխատանքի մասին:
«Երբ Հայաստանը կրակի կենտրոն էր դարձել, Ցվետանան թողեց ազատ ու ապահով երկիրը և, ապավինելով հոգու կանչին, եկավ Հայաստան, որ աշխարհին պատմի մեր ազնիվ և արդար գոյամարտի մասին: Պասկալևայի մասին ասում են. «Բուլղարուհին, որ խոսում է հայերեն», «Հայաստանի դուստր Ցվետանա»: Սրանով ամեն ինչ ասված է»,-նշեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը` շնորհակալություն հայտնելով Պասկալևային նվիրման համար:
Ցվետանա Պասկալևան, դիտելով տեսանյութը, հուզվեց` հիշելով այն հերոսներին, որոնք պատերազմից չվերադարձան: Հոբելյարը պատմեց, որ Հայաստան է եկել, որպես լրագրող, բայց մնացել է մեր երկրում հոգու կանչով: «Երբ հայտնվեցի իրադարձությունների կիզակետում և տեսա, որ այդ ամենը ողբերգություն է, հասկացա, որ Ղարաբաղի ժողովուրդն իմ օգնության կարիքն ունի, նրան անհրաժեշտ էր իմ խոսքը, կադրերը: Ելքը միջազգային հարթակ հայերի համար այդ ժամանակներում շատ բարդ էր: Ինձ համար էլ էր դժվար, քանի որ Հայաստանը շրջափակման մեջ էր, լույս չկար, նյութերը երկրից երկիր ուղարկելը խրթին էր»,-պատմեց օրվա հերոսուհին: