Խոսքը հարյուրավոր, նույնիսկ հազարավոր աշխատատեղերի մասին է. hraparak.am
Advertisement 1000 x 90

Խոսքը հարյուրավոր, նույնիսկ հազարավոր աշխատատեղերի մասին է. hraparak.am

Բաց նամակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանին

Ասեմ, թե ինչու, խախտելով ընդունված կարգը, խոսքս ուղղում եմ Ձեզ։ Անցած դեկտեմբերի 28-ին Հ1-ով «Իմ գործը» ֆիլմաշարից մի լավ հաղորդում դիտեցի, որտեղ «թամադան» Դուք էիք։ Ինձ հետաքրքրեցին, ապա նաեւ զարմացրեցին Ձեր «տարօրինակ» պահվածքն ու մտածելակերպը։ Դուք այն հազվադեպ պաշտոնյաներից եք, ում խոսքին հավատացի։ Հաղորդումից այն տպավորությունը ստացա, որ գործնական եք, սրտացավ, արհեստավարժ (չշարունակեմ) եւ ամենակարեւորը՝ անկեղծ։

Դուք շրջում էիք գյուղերով (պաշտոնյային ոչ «վայել» սովորական հագուկապով), եւ Ձեր ոչ թատերական հանդիպումները ֆերմերների, արտադրողների, պատահական գյուղացիների հետ՝ ճանապարհ գտնելու, ճանապարհ ցույց տալու, անտեսված ու անհավանական թվացող հնարավորություններն օգտագործելուն էին միտված։

Կասկած չկա, որ հենց այդպիսին եք․ «Արդեն 50 տարեկան մարդ եմ։ Երբեմն բաներ կան, որ չպիտի ասեմ, բայց ասում եմ։ Իմ էությունը չինովնիկական չէ, ինձ էլ փոխել չես կարող»։
Եղաք խաղողի այգիներում, ոչխարաբուծական, կովաբուծական, հավաբուծական, այլ մեծ ու փոքր ֆերմաներում․․․ եւ ամենուր երեւում էին հայի ստեղծագործ միտքը, աշխատասիրությունը (զարմանալի չէ, որ արդեն հիմք է դրվել ջայլամի, շինշիլայի, տոհմային այծի ու ոչխարի, այլ կենդանիների բազմացմանը, նույնիսկ խխունջ է արտահանվում․․․ բայց այս ամենի համար հսկայական ներդրումներ եւ տարածքներ են պահանջվում)։ Դուք, գոհ լինելով, նաեւ մտահոգ էիք՝ հրաշալի արտադրող են, բայց ո՛չ մենեջեր։ Եվ կարեւոր հետեւությունը․ «Մարդը չգիտի՝ ինչպես իրացնել ստեղծածը, հենց դա էլ պետության խնդիրն է»։

Այո, հողագործը, հազար ու մի դժվարություն կրելով (ոռոգման ջրի քրոնիկ խնդիր, թանկ քիմիկատներ եւ այլն), վերջում աճեցրած բերքի ձեռքը կրակն է ընկնում։ Իսկ գյուղմթերքի շուկաներում հոռի, ճիշտ կլինի ասել՝ բիրտ ու բռի երեւույթներն ինչպես եղել, այնպես էլ մնում են, հատկապես՝ փոքր տնտեսություն ունեցողների համար։

Այժմ գամ գլխավորին, ինչը բաց նամակի առիթ եղավ։ Իրերի բերումով օրերս զրուցեցի թռչունների եւ դրանց կերերի վաճառքով զբաղվող, իր գործի գիտակ Վարդան Սարգսյանի հետ։ Նրա համոզմամբ, այս ոլորտը կարող է անչափ եկամտաբեր լինել, բայց, ի տարբերություն հարեւան երկրների, մեզանում անուշադրության է մատնված։

Մեր շատ ընտանիքներում հարգի է տարբեր կենդանիներ պահելը, այդ թվում՝ թռչուններ (դեղձանիկ, կարելա, կրամերա, ռոզելա, ամենից հաճախ՝ ալիքավոր թութակ եւ այլն), ինչը, հաճելի զբաղմունք լինելուց բացի, նաեւ բնության հետ շփվելու յուրօրինակ միջոց է։ Երեւույթի գեղագիտական կողմը շրջանցելով ասենք, որ մասնավորապես թռչնաբուծությունը կարող է եկամտի հուսալի աղբյուր դառնալ մեր հարյուրավոր, նույնիսկ հազարավոր քաղաքացիների համար։ Եթե, իհարկե, ինչպես Դուք էիք ասում, իրացման հարցում պետությունը թիկունք կանգնի։
Հիմա Վարդանի օգնությամբ փորձեմ համոզել Ձեզ, որ «հազարավոր» ասվածը բնավ էլ չափազանցված չէ։ Հատկապես ալիքավոր թութակների աճեցումն առանձնապես ծախսեր չի պահանջում։ Դրանք արագ են բազմանում, եւ մեր կլիմայական պայմաններն էլ շատ նպաստավոր են դրա համար։ Իսկ պահանջարկը դրսում մեծ է։

Անհասկանալի է, որ թռչունների ներկրումը թույլատրվում է, իսկ արտահանումը՝ ոչ։ Այս պարագայում տրամաբանական չէ ներկրումը, որովհետեւ տեղում սպառում չկա, եւ արտահանման հույս չկա։ Եղել է ժամանակ, որ ինչ-ինչ ճանապարհներով դուրս են տարվել ալիքավոր թութակների (նաեւ կարելաների) որոշակի խմբաքանակներ, եւ դրանց գինը տատանվել է 2500-3000 դրամի սահմաններում (մեզանում այսօր 800-1000 դրամով էլ չի սպառվում)։ Շատ-շատերը ոգեւորված սկսել են «գործ դնել», բայց շուտով այդ «միջանցքը» փակվել է, եւ մարդիկ թեւաթափ են եղել։ Նշված հաղորդման ժամանակ Դուք ասացիք, որ աշխատելու եք 2-3 տարի եւ փորձելու եք անել առավելագույնը՝ անվերադարձնելի փոփոխություններ անելու, որ Ձեզանից հետո եկողը չկարողանա փոխել դրանք։ Անշուշտ, փոքր-ինչ անորոշ, բայց հուսադրող են Ձեր խոսքերը։
Պրն Քամալյան, թռչնաբուծությունը զարգացնելով՝ մենք նաեւ հողագործության համար լայն հորիզոններ կբացենք։ Թռչնակերը (հիմնականում ներկրվում է դրսից) մեծ շահութաբերությամբ կարող ենք արտադրել մեզանում։ Այսպես, եթե ցորենի բերք կարելի է ստանալ տարեկան մեկ անգամ, ապա հիմնական թռչնակեր համարվող կորեկի դեպքում՝ երկու, Արարատյան դաշտավայրում՝ նույնիսկ երեք անգամ։

Եթե ցորենի 1կգ-ի մեծածախ գինը մոտ 100 դրամ է, ապա կորեկինը՝ առնվազն 200 դրամ (այժմ այն տատանվում է 400-500 դրամի սահմաններում)։ Համարյա նույն համեմատությունը կարելի է անել գարու պարագայում։ Սրանով կնպաստենք նաեւ հսկայական անմշակ հողերի վերակենդանացմանը եւ, նույնիսկ, թռչնակեր արտահանել (նախանցյալ տարի վրաց գործարարներն իրենց երկիր են ներկրել շուրջ 20 տոննա կորեկ)։ Ավելացնեմ, որ «թռչնակեր» ասվածը ենթադրում է նաեւ եգիպտացորեն, արեւածաղիկ, վարսակ, կտավատ, ռապս, գարի, ավելի սերմ եւ այլն։
Պարոն Քամալյան, մոտավոր հաշվարկով միայն ալիքավոր թութակների արտահանումից տարեկան ՀՀ կարող է մտնել 5-7 միլիոն դոլար։

ՀԳ․ Պրն Քամալյան, օրերս վարչապետը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ բազկաթոռին «կպած» մարդը լավ չի ապրելու, իսկ պետական աջակցության կարիք ունեցող ստեղծարար նախաձեռնություններն ամեն կերպ կխրախուսվեն։ Ահա եւ առիթ․․․ Ինչպես վերն ասվեց, պետության կողմից առանձնակի ներդրումներ (թերեւս՝ միայն հողագործության ոլորտում) պետք չեն, խոսքն ընդամենը արտահանման հարցերը խելամիտ կազմակերպելն է։ Տարեցներից շատերը չնչին կենսաթոշակի հույսին չեն մնա (պետության հոգսն էլ կթեթեւանա), հազարավոր գործազուրկներ (նաեւ ուսանողներ) գումար վաստակելու հնարավորություն կունենան («Ինձ նպաստ մի տուր, ես ուզվոր չեմ, ինքս կստեղծեմ»․ Ձեզ ասում էր անասնապահ Մացակը)։ Եվ, վերջապես, մեր հոգեվարք ապրող կենդանիների շուկան, ինչպես շատ երկրներում է, կարող է դառնալ մշակութային «օբյեկտ», որը կգրավի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին։

Ավարտելով՝ հիշեցնեմ Ձեր խոսքերը․ «Եթե Դուք ինձ ասեք՝ պրն Քամալյան, մենք չենք կարողանում մեր միրգը կամ արտադրած պանիրը երրորդ երկիր հանել, այ, դա պետության խնդիրն է, մե՛նք պետք է էդ խնդիրը լուծենք»։

ՀԳ 2․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Քամալյանը հունվարի 31-ից կազատվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

 Հարգանքով՝ Սիմոն ՀԱԿՈԲՅԱՆ

hraparak.am