«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը սկսել է պայքար «գողականների» դեմ, նրանց համար անտանելի պահման պայմաններ ստեղծելով: Իսկ «գողականները» ընդդիմանում են «ադմինիստրացիային», երբեմն հասնելով բողոքի ծայրահեղ ձևերի: Օրերս «Արթիկ» ՔԿՀ 39 ամյա դատապարտյալ Կարեն Կարապետյանն է հացադուլ և ջրադուլ հայտարարել: Նա այս կերպ բողոքում է իրեն իր պահման կացարանից քանդուքարափ խուց տեղափոխելու «Արթիկ» ՔԿՀ պետ Արման Մելքոնյանի որոշման դեմ: Այս մասին մեզ հայտնի դարձավ Կարեն Կարապետյանի ընկերներից:
Կարեն Կարապետյանի հետ նույն սենյակում այլ անձինքն էլ էին պահվում: Նրանց բոլորին տեղափոխում են:
Կարեն Կարապետյանը «Արթիկ» ՔԿՀ-ում պահվում էր «գողականների» խցում, որտեղ դատապարտյալներն իրենց ուժերով ու միջոցներով քիչ թե շատ բարեկեցիկ, հարմարավետ պայմաններ էին ստեղծել, նորոգել էին սենյակը:
Ի դեպ, վերջինիս մասին խոսելիս, նրանք չեն օգտագործում խուց բառը:
Այդ սենյակի պատին ութանկյուն աստղ է նկրած եղել՝ «Восьмиконечник», որը համարվում է քրեական աշխարհի սիմվոլներից է: Կալանավայրի պետը հրահանգել է ջնջել «Восьмиконечник»-ը Կարեն Կարապետյանի պատից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը պայմանականորեն անվանում են «օրենքով գողերի մասին» նախագիծ:
Գաղտնիք չէ, որ մեր կալանավայրերում քրեական հեղինակությունների, «գողականների» խցերը, կամ նրանց հատկացված տեղերը ընդհանուր խցերում միշտ շահեկանորեն տարբերվել են մյուսներից: Մասնավորապես, տեղերը, որտեղ ապրում են «գողականները», գորգապատ են լինում: Եթե խոսքը ընդհանուր «կամերի» մասին է, ապա որքան ավելի հեռու է դռնից դատապարտյալի քնելատեղը, այնքան մեծ է նրա «հարգանքը»:
Քրեական ենթամշակույթի դեմ հայտարարված պայքարի շրջանակներում այս արտոնությունները ևս վերանում են:
«Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը 2010 թվականից կալանավայրում է: Նա դատապարտվել կողոպուտի նպատակով ավազակային հարձակման, անչափահասին ավազակության մեջ ներքաշելու, ապօրինի զենք կրելու-օգտագործելու համար և դեռ երկու տարի էլ ունի նստելու:
Ի՞նչ է կաարվում «Արթիկում», ինչո՞ւ է Կարեն Կարապետյանը հացադուլ հայտարարել, ի՞նչ վիճակում է նա: Forrights.am-ը դիմեց քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանից ստացավ պատասխան:
«Հունվարի 29-ից ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Կարապետյանը հայտարարել է հացադուլ և մինչ այս պահը շարունակում է հացադուլը։ Նա պահանջում է մենակ մնալ՝ պատճառաբանելով, որ ունի առողջական խնդիրներ։ Սակայն ըստ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բժշկի եզրակացության՝ վերջինս առողջական խնդիրներ չունի»: Նավիկյանը հայտնեց, որ Կարապետյանը հրաժարվել է նաև ջրից:
Կարեն Կարապետյանի ընկերները վստահեցնում են, որ ծառայության պատասխանը իրականությանը չի համապատասխանում:
«Տենց բան չկա: Ոչ մի գողական էսօր չի ուզում գաղութում մենակ մնալ: Ինքը լուրջ տղա ա: Ինքը ստեղծել է իր համակեցության պայմանները, իր սենյակը, որտեղ ինքը ապրում ա, սարքել ա, նորմալ, ակուրատնի: Օրենք չի խախտում, ռեժիմային խախտումներ չի անում: Էդ մարդուն հանուն են, տանում են գցում բոմժանոց: Բոլոր գողականներին հանում են խցերից»,- ասում է աղբյուրը:
Կարեն Կարապետյանը արդեն երրորդ օրն է, ջրադուլի մեջ է: Նրա վիճակը ծանր է:
Փաստորեն, Հայաստանի բանտերը վերադառնում են խորհրդային գաղութակարգի, երբ պահման վատ պայմաններ ապահովելը դատապարտյալի պատժի մասն էր: