Գեղարքունիքի մարզում փետրվարի 1-ի գիշերվա եւ ցերակվա ընթացքում տեղացած ձյունն առանձնակի խոչընդոտներ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը Ճամբարակում կազմել է մոտ 10, Սեւանում՝ 7-8, Գավառում եւ Մարտունիում՝ մինչեւ 5 սանտիմետր:
Վարդենիսում ձյան տեղումները սկսվել են կեսօրից հետո՝ ուղեկցվելով ուժեղ քամիներով:
«Ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքները սկսվել են առավոտյան ժամերից: Այս պահի դրությամբ դրանք ազատված են ձնածածկույթից, սակայն գտնվում են թաց վիճակում՝ գիշերային ժամերին մեծացնելով մերկասառույցի վերածվելու հավանականությունը:
Քամիների հետեւանքով կարճ ժամանակով փակվել էր մայրուղուց Նորաբակ, Շատվան, Շատջրեք տանող ճանապարհները եւ Սոթքի լեռնանցքը, որոնք, սակայն, բացվել են ճանապարհաշինարարների ուժերով:Բոլոր ճանապարհները բաց են մնում ու երթեւեկելի: Վարդենյաց լեռնանցքում դժվարանցանելի վիճակ է»,-ներկայացրեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան