Մարդկանց մեծ մասն օրվա ընթացքում ավելի շատ աղ է օգտագործում, քան օրգանիզմին անհրաժեշտ է: Fabiosa.com-ի հաղորդմամբ՝ աղի չափից շատ օգտագործման դեպքում նկատվում են հետևյալ նշանները:
Ծարավի մշտական զգացում: Այս կերպ ուղեղն ազդանշան է ուղարկում, որ օրգանիզմին հեղուկը չի բավականացնում:
Այտուցվածություն: Աղի չարաշահման դեպքում հեղուկը կուտակվում է օրգանիզմում՝ առաջացնելով այտուցներ: Կարող է նկատվել նաև որովայնի փքվածություն:
Գլխացավ: Նատրիումի ավելորդ քանակի դեպքում անոթները լայնանում են, ինչը գլխացավերի պատճառ է դառնում:
Քաշը չի նվազում: Եթե արդեն երկար ժամանակ է՝ հետևում եք սննդակարգին, սակայն այդպես էլ չի հաջողվում ազատվել ավելորդ կիլոգրամներից, ամենայն հավանականությամբ՝ չափից շատ աղ եք օգտագործում, ինչի հետևանքով հեղուկը մնում է օրգանիզմում:
Զարկերակային ճնշման բարձրացում: Նատրիումի մակարդակի բարձրացումը հանգեցնում է մի շարք խնդիրների, այդ թվում՝ զարկերակային ճնշման բարձրացման՝ հիպերտոնիայի:
Սրտային անբավարարության նշաններ: Աղի ավելորդ քանակը մեծացնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Կարող են նկատվել շնչահեղձություն, տախիկարդիա, ստորին վերջույթների արտահայտված այտուցներ:
Եթե թվարկված նշանները չեն անհետանում նույնիսկ սննդակարգում աղի քանակի կարգավորումից հետո, հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ, քանի որ դրանք կարող են վկայել այլ առողջական խնդիրների առկայության մասին:
Ինչով փոխարինել աղը: Սննդամթերքը պատրաստելիս փորձեք աղը փոխարինել համեմունքներով: Ուշադրություն դարձրեք հետևյալ մթերքի վրա.
- կիտրոնի հյութ
- քացախ
- մանանեխ
- իմբիր
- քարրի
- սխտոր
- օրեգանո
- սամիթ
- ռեհան
- սուսամբար
- չաման
- կարմիր պղպեղ:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը