Երգչուհի Զարուհի Բաբայանը, որն օրեր առաջ երաժշտասերների դատին հանձնեց «Տարիներ» երգի հիման վրա նկարահանված հոլովակը, նոր ձայնասկավառակ է թողարկելու:
«Առաջիկա ծրագրերը շատ են, իսկ հիմա աշխատում եմ նոր սկավառակի ստեղծման վրա, որում զետեղվելու են իմ հոգուն հարազատ գործեր` գրված հատուկ ինձ համար»,-նշեց Բաբայանը:
Նրա խոսքով` համագործակցում է տեղացի երգահանների և կոմպոզիտորների հետ` փորձելով համատեղ ուժերով լավ արդյունք ստանալ:
«Վերջերս հայկական ուրախ երգեր և ջազային բալլադներ ներկայացրի: Հույս ունեմ, որ 2020-ին կկարողանամ պարբերաբար մատուցել ստեղծագործություններ ջազային ժանրում: Կարծում եմ` տարին լավ է սկսվել ինձ համար. արել եմ այն, ինչ սրտիս հարազատ է, այն, ինչ շատ եմ ուզել: Հուսամ` այս ամենը կունենա իր տրամաբանական ավարտը, և հանդես կգամ համերգային ծրագրով»,-ընդգծեց Զարուհի Բաբայանը: