2019 թվականից Հայաստանում չարորակ նորագոյացությունների հեռացման վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային թերապիան անցկացվում են անվճար: Ինչ վերաբերում է քիմիաթերապիային, բուն միջամտություններն անցկացվում են պետպատվերի շրջանակում (այն կլինիկաներում, որտեղ պետպատվեր կա), իսկ քիմիաթերապիայի դեղամիջոցների համար համավճար է հատկացվում: Այս մասին լրագրողներին ասաց Ֆանարջյանի անվան ազգային ուռուցքաբանական կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ 2018 թվականին իրենց կլինիկայում անցկացրել են չարորակ նորագոյացությունների հեռացման 1850 վիրահատություն, իսկ 2019-ին՝ 2562, շուրջ 35 տոկոսով ավելի: Եվ բանն ամենևին հիվանդացության աճը չէ, այլ այն, որ անցյալում շատ պացիենտներ ուղղակի չեն վիրահատվել, քանի որ փող չունեին, իսկ հիմա վիրահատությունները կատարվում են պետպատվերի շրջանակում:
Ճառագայթային թերապիա ստացող պացիենտների թիվը նույնպես աճել է՝ նույն պատճառով:
Նարեկ Մանուկյանը նաև նշեց, որ մասնավոր կլինիկաներում, որտեղ պետպատվեր չկա, քիմիաթերապիայի կարիք ունեցողները ստիպված են վճարել ե՛ւ միջամտության, ե՛ւ դեղերի համար: Իսկ այն կլինիկաներում, որտեղ պետպատվեր կա, մասնագետների ծառայությունների համար չպետք է վճարել: Ինչ վերաբերում է դեղամիջոցներ ձեռք բերելուն, ապա հաշմանդամության հիմքով հատուկ խմբերի մեջ մտած մարդկանց պետությունը 60 հազար դրամի համավճար է հատկացնում, իսկ մնացյալ բոլորին՝ 30 հազար դրամի: Եթե դեղամիջոցն ավելի թանկ արժե, գումարը պետք է լրացնի ինքը՝ պացիենտը:
Պետության ներդրած համավճարի չափն, իհարկե, մեծ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ որոշ դեղամիջոցներ հազարավոր դոլար արժեն: Սակայն այս գումարը բավարարում է առաջին գծի որոշ դեղամիջոցների ձեռքբերմանը, նշեց Նարեկ Մանուկյանը:
Առողջապահության նախարարության ուռուցքաբանության հարցերով խորհրդական, քիմիաթերապևտ Հայկուհի Գյոկչյանն իր հերթին նշեց, որ ուռուցքաբանությունն ամբողջ աշխարհում համարվում է բժշկության ամենաթանկարժեք ուղղություններից մեկը, և անգամ զարգացած երկրներն իրենց չեն կարող թույլ տալ պետական բյուջեից վճարել քիմիաթերապիայի բոլոր դեղամիջոցների համար:
«Ամեն տարի նոր դեղամիջոցներ են հայտնվում, որոշներն արժեն հազարավոր եվրո, և նույնիսկ զարգացած երկրներում դրանք չեն կարող պետական բյուջեից գնել: Այս պատճառով հիմնադրամներ կան, բարեգործական կազմակերպություններ, որոնք պացիենտներին օգնում են այդ դեղերը ձեռք բերել», – ասաց մասնագետը: