Ռուսաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահ, 68–ամյա Ալեքսանդր Միրզոյանը Sportbox պարբերականին տված հարցազրույցում պատմել է, որ շատ կցանկանար մեկնել Բաքու` մոր շիրիմին, բայց նրա մուտքն Ադրբեջան արգելված է։
«Հայկական գերեզմանատունը, որտեղ մորս շիրիմն է, քանդել են, օդանավակայան տանող ճանապարհ են գցել։ Հավատս չի գալիս», – ասել է Ալեքսանդր Միրզոյանը։
Միրզոյանի մայրն ազգությամբ ռուս է, ծնվել է Ստալինո (այժմ Դոնեցկ) քաղաքում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա արտաքսվել է, գերի ընկել, այնտեղ էլ ծանոթացել է Բագրատ Միրզոյանի հետ, ով ծնունդով Արցախից էր։ Պատերազմից հետո զույգը տեղափոխվել է Բաքու, որտեղ 1951թ–ին ծնվել է Ալեքսանդր Միրզոյանը։
«Երբ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Ռուսաստանը խաղում էր Ադրբեջանի հավաքականի հետ նույն խմբում, ես կազմակերպել էի երկու երկրների վետերանների թիմերի խաղեր։ Ադրբեջանցիները խաղացին մեզ մոտ և սպասում էին պատասխան այցի։ Ես բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ եմ, ադրբեջանցի ընկերներս ասում էին` արի, մենք կխնդրենք ղեկավարությանը հարթել երկիր մուտք գործելու հետ կապված խնդիրները։ Բայց չստացվեց, հիմա ես չեմ կարողանում գնալ Բաքու», – պատմել է ֆուտբոլիստը։
Չնայած սպորտի համար պատկառելի տարիքին` Միրզոյանը վերջին անգամ մարզակոշիկ է հագել հունվարի 9–ին։ Բայց նա խոստովանում է, որ երկար խաղալ չի կարողանում` ոտքերն այտուցվում են։
«Ես ալերգիա ունեմ սինթետիկ ծածկույթից, ուստի 5-7 րոպեով դուրս եմ գալիս դաշտ և ավարտում։ Դա բավական է, որովհետև ավելի երիտասարդ խաղացողներ կան։ Ես իմն արդեն խաղացել եմ…», – ծիծաղելով պատմում է ֆուտբոլիստը։
Միրզոյանի առաջին ֆուտբոլային ակումբը Բաքվի «Նեվթչին» է եղել, երկրորդը` Երևանի Արարատը, իսկ երրորդը` Մոսկվայի «Սպարտակը»։ «Սպարտակի» կազմում Ալեքսանդր Բագրատովիչը դարձել է ԽՍՀՄ չեմպիոն։ Այժմ Միրզոյանը Ռուսաստանի ֆուտբոլային միության անդամ է և ՌԴ ֆուտբոլի վետերանների միության նախագահ։