Երբ Հայաստանի պետական կառավարման համակարգում մի որոշ ժամանակ աշխատում ես, հետն էլ մտածել գիտես ու հարմարվող չես, ապա գալիս ես հետևյալ հանգրվանին: Կա երկու ճանապարհ:
Առաջին, թողնել կառավարում կոչեցյալ խեղկատակությունը` առանց հետ նայելու և զբաղվել արմատապես տարբերվող մեկ այլ գործով:
Երկրորդ, եթե ամեն դեպքում պետությանդ վատ վիճակը քեզ հանգիստ չի տալիս և ուզում ես փոխելու մեջ գործուն մասնակցություն ունենալ, գնում ես հեռու պատասխաններ փնտրելու` այլ եղանակով ներգրավվելու համար: Դա սովորելու գործընթացն է:
Երբ մուտք ես գործում կառավարման լավագույն համալսարան, քեզ սովորաբար հետևյալ հարցադրումն են անում: Դու գալիս ես մի երկրից, ուր մեր համալսարանում ստացած գիտելիքները դժվար թե պետք գան, քանի որ ձեր մոտ որոշումներ կայացնողները որակյալ կառավարումից տեղյակ չեն և համակարգը այս գիտելիքների և կարողությունների կարիքը չունի: Ի՞նչ ես անելու:
Վերադառնում ես Հայաստան, շատ կարճ ժամանակ անց հասկանում ես, որ պետական համակարգը այլևս քո տեղը չէ: Եվ նաև հիշում ես, որ քեզ սրա մասին զգուշացրել էին, բայց դու լուրջ չէիր ընդունել:
Ամեն դեպքում, քանի որ միևնույն է քեզ հանգիստ չի տալիս երկրի վատ վիճակը, սկսում ես փորձագիտական աշխատանքով զբաղվել` հույս ունենալով, որ գիտելիքդ ու կարողությունդ թեկուզ անուղղակի ձևով կծառայի պետությանդ: Ինչ-որ պահից սկսած հասկանում ես, որ սա էլ է անիմաստ. Միջազգային կառույցների խորհրդատվությունը հիմնականում մնում է հաշվետվություններում չկարդացված և չկիրառված, քանի որ փոփոխությունների խորքային ընկալում չկա: Հետզհետե գալիս ես նրան, որ ամեն դեպքում փոփոխությունները քաղաքական ճանապարհով պետք է լինեն:
Այս գիտակցումից մի որոշ ժամանակ անց, երբ քիչ թե շատ ծանոթացել ես քաղաքական դաշտին և խաղացողներին, հասկանում ես, որ վիճակը շատ ավելի հոռի է, քան դու պատկերացնում էիր: Հասկանում ես, որ քո երկրում քաղաքականություն կոչեցյալը անձերի շուրջ հակամարտություն է, այլ ոչ թե գաղափարների շուրջ պայքար:
Այս գիտակցումից հետո հետաքրքիրը դեռ հաջորդիվ է. Սա այն վիճակն է, երբ չես կարողանում որոշել, բա հիմա ինչով զբաղվել, որ ամեն դեպքում երկրումդ առարկայական ու որակական փոփոխություններ լինեն: Այստեղ հետ ես գնում սկզբի գրված երկու տարբերակին` մի քիչ այլ ձևաչափով: Ու այստեղ ամեն ինչ ավելի է բարդանում:
Փոփոխություններ նմանակող առանց գաղափարախոսության միկրո գործողություններն ինքնախաբկանք են, օնանիզմի պես մի բան. Դրանց թվում է օրինակ ինքնանպատակ առանց բովանդակության և խորքային ընկալման քաղաքացիական ակտիվիզմը, քանի որ սրանք արդյունքում ինչ-որ մեկի կողմից օգտագործվում են իրենց քաղաքական նպատակների համար, ինչպես օրինակ վարվեց Նիկոլը:
հ.գ.
Ինչու սա այսօր հիշեցի:
Մի քանի ամիս առաջ միջազգային կառույցներից մեկի ներկայացուցիչների հետ խոսում էինք կրթության շատ վատ որակի և մեր ԵՊՀ խայտառակ վատ վիճակի մասին: Ասեցի անհույս է, որ Կրթության նախարարությունը կդառնա փոփոխությունների առաջամարտիկ: Չհամաձայնվեցին` ասելով, որ այնտեղ մի աղջիկ կա Արևիկ անունով, որի ներկայությունը այդ նախարարությունում հուսադրող է: Ես Արևիկին չեմ ճանաչում, բայց ասեցի, որ եթե նա իրոք ձեր նշած մարդն է, ապա շուտով նա կլքի այդ ճահիճը: Դե մի պարզ պատճառով, մտածող մարդը չի կարող ինքն իրեն խափել շարունակական ու անարդյունք գործողություններով, երբ լուծումները քաղաքական են, իսկ ներկայի քաղաքական պատասխանատուները` անգլուխ:
Այսօր տեղեկացա, որ Արևիկը գնում է «սովորելու»:
հ.գ.գ
Չգիտեմ որևէ մի դեպք, որ իմ նշած ճանապարհով անցած անձը հիմա պետական համակարգում է, ու արժեք է ստեղծում: Սա ուղղակի անհնար է: Հատկապես հիմա:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից: