«Ապարանյան ձմեռ 2020»-ը լի է լինելու անակնկալներով
Advertisement 1000 x 90

«Ապարանյան ձմեռ 2020»-ը լի է լինելու անակնկալներով

Փետրվարի 22-ին տեղի է ունենալու «Ապարանյան ձմեռ 2020» մարզամշակութային միջոցառումը, որը՝ ինչպես խոստանում է Ապարանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը, լի է լինելու անակնկալներով:

Միջոցառումը իրականացվելու է Ապարան քաղաքից մոտավորապես 2 կմ հեռավորության վրա գտնվող Խաչասարի (Ապարան-Լուսագյուղ ճանապարհին) հատվածում։ Միջոցառումը նախատեսվում է սկսել12:00-ին և ավարտել 16:00-ին:

Ապարանյան ձմեռ 2020-ը բաղկացած է լինելու մարզական և մշակութային հատվածներից: Միջոցառման շրջանակներում անցկացվելու է.

Ձնամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցելու են Ֆինլանդիայից, Ռուսաստանից ժամանած պրոֆեսիոնալ խմբերը:
Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի կողմից կազմակերպված ձմեռային հեծանվարշավը
Խաչասարից (միջոցառման վայրից) թռիչք պարապլաններով
Սահք ռաֆթինգի նավակով

Միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի հին-ավանդական ծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար:

Միջոցառման մարզական մասը բաղկացած է լինելու մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Մրցութային խաղերի հաղթողները ստանալու են դրամական պարգևատրումներ, մեդալներ, պատվոգրեր:

Մրցութային խաղեր՝
• Դահուկավազք
• Լեռնադահուկներով մրցույթ
• Բազկամարտ
• Կշռաքար բարձրացնել

Սիրողական խաղեր՝
• Պարան ձգել
• Բերդ գրավել
• Ձնեմարդ պատրաստել
• Լավագույն նշանառու
. Սպորտային ներքնակներով մրցույթ
• Խաղ սահնակներով

Ցուցադրական ելույթներ՝
• Թաեքվանդոյի ցուցադրական ելույթ
• Ըմբշամարտ

Լինելու են նաև ապարանյան տարբեր արտադրանքներ ներկայացնող տաղավարներ՝ այդ թվում նաև ԳՆԹՈՒՆԻՔԸ: Ներկաներին հյուրասիրվելու է թեյ:
Միջոցառման վայրում դրվելու են հին վառարաններ, որոնց վրա եփվելու է ամենասիրելի ՊԼԵՃԸ /կարտոֆիլ/: Հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան տաքանալ և հյուրասիրվել:

Միջոցառման նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը, կազմակերպել համայնքի բնակիչների և զբոսաշրջիկների ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցը։

Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանի տարբեր մարզերից հյուրեր, զբոսաշրջիկներ, ՀԿ-ներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դեսպաններ, լրատվամիջոցներ, Ապարան համայնքի 21 վարչական տարածքների բնակիչներ, և այլ հետաքրքրված անձիք։