Եկեք անկեղծ լինենք: Երբ գրեթե 25 տարի առաջ ծնվեց առաջին կլոնավորված ոչխարը՝ Դոլին, միանգամից էլ մեծ հույսեր և մեծ մտահոգություններ առաջացան:
Հույսերը կապված էին այն պնդումների հետ, թե կլոնավորման եղանակով կարելի կլինի բուժել բազմաթիվ ծանր հիվանդություններ, մտահոգություններն էլ միանգամայն հասկանալի էին՝ եթե կարելի է կլոնավորել ոչխարին, ուրեմն նույնը կարելի է անել նաև մարդու հետ: Ու այս վերջին դեպքում մասնագետները շատ զգույշ են արտահայտվում, ասում են՝ մենք հավաստի տեղեկություններ չունենք այն մասին, որ որևէ մեկին հաջողվել է կլոնավորել մարդուն:
Ժամանակին ՄԱԿ-ը կոչ արեց աշխարհի բոլոր երկրներին օրենսդրորեն արգելել մարդու կլոնավորման բոլոր տեսակները: Այժմ գիտնականները զատում են կլոնավորման երկու տեսակ՝ մեկն այսպես կոչված թերապևտիկ կլոնավորումն է՝ մարդկային բջջից ստեղծվում է սաղմ, որը գոյատևում է ոչ ավելի, քան 14 օր, և այդ սաղմից բժշկական նպատակներով առանձնացնում են այսպես կոչված ցողունային բջիջները: Միայն այդքանը: Երկրորդ տեսակը՝ ռեպրոդուկտիվ, այսինքն՝ վերարտադրողական կլոնավորումն է: Սա ենթադրում է, որ իմ բջջից պարզապես ստեղծում են նոր մարդ: Այ հենց այս վերարտադրողական կլոնավորումն է, որ արգելված է բազմաթիվ երկրների օրենսդրություններում:
Այնուամենայնիվ, ինչո՞ւ գիտնականներն ու մասնագետները միանշանակ չեն պնդում, որ աշխարհում մինչև այժմ գոյություն չունի գեթ մի մարդ, որը ստեղծվել է կլոնավորման եղանակով, ուղղակի փաստում են՝ այն մասին հավաստի տեղեկություններ չկան: Չգիտեմ՝ հիշո՞ւմ եք արդյոք, բայց մոտ 20 տարի առաջ «Քլոնէյդ» կոչվող ամերիկյան կազմակերպության ղեկավար Բրիջիտ Բուասելյեն ասուլիս հրավիրեց և արեց սենսացիոն հայտարարություն
–Մեր ջանքերի շնորհիվ արդեն կա մի աղջիկ, որը ստեղծել է կլոնավորման եղանակով:
–Ցույց տվեք այդ աղջկան և այն մարդուն, ում կլոնն է նա,– միանգամից պահանջեցին լրագրողները:
–Ցույց չենք տա,– պասախանեց «Քլոնէյդի» ղեկավարը,– Նրանք գտնվում են ԱՄՆ-ի տարածքից դուրս, որովհետև մենք բոլորովին վստահ չենք, թե ինչպես կվարվեն նրանց հետ Ամերիկայի իշխանությունները:
Հետագա տարիներին այդ նույն ընկերությունը շարունակ հայտարարում էր, թե նորանոր կլոններ են ստեղծվել, և նրանց թիվը հասել է տասներեքի: Ու էլի ոչ մի ապացույց: Այս պահվածքը, համաձայնեք, շատ շահեկան է՝ անել սենսացիոն հայտարարություններ, բայց ոչ մի ապացույց չներկայացնել, ու հիմնավորել՝ հենց որ ապացույց ներկայացնենք, մեզ միանգամից քրեական պատասխանատվության կենթարկեն, որովհետև ԱՄՆ-ում վերարտադրողական կլոնավորումը օրենսդրորեն արգելված է: Մենք հո ինքներս մեր թշնամին չե՞նք: Այո՛, արել ենք, բայց թող իրավապահները փորձեն ապացուցել, որ արել ենք:
Արդյո՞ք կարելի է հավատալ այս կնոջ հայտարարություններին: Անկեղծ ասեմ՝ ես խիստ կասկածում եմ: Ու բացատրեմ, թե ինչու:
«Քլոնէյդ» ընկերությունը հիմնել է այսպես կոչված Ռաելիտականների շարժումը: Այդ շարժումն իր հերթին ստեղծել է ֆրանսիացի նախկին լրագրող Կլոդ Վորիլյոնը: Դեռ 70–ական թվականներին նա պնդում էր, թե հանդիպել է այլմոլորակայիններին, որոնք բացահայտել են ողջ ճշմարտությունը մարդկության մասին: Ասել են՝ այդ մենք ենք մոտ 25 հազար տարի առաջ եկել Երկիր և կլոնավորման եղանակով ստեղծել Ադամին ու Եվային. պարզապես ուզում էինք, որ ձեր մոլորակում քաղաքակրթություն լինի:
Ըստ Վորիլյոնի՝ ալմոլորակայինները կրկին կայցելեն մեզ 2035 թվականին: Ի դեպ, Վորիլյոնը փորձում է Երուսաղեմում ստեղծել այլմոլորակայինների դեսպանություն՝ այլմոլորակայիններին դիմավորելու համար:
Այս շարժումն այժմ ունի մոտ 55 հազար անդամ, որոնցից շատերը հայտնի մարդիկ են: Բավական է ասել, որ ժամանակին այս շարժման համար փող էր հանգանակում Ժերար Դեպարդիեն:
Ու վերջում մի դրվագ:
Մի քանի տարի առաջ «Քլոնէյդ» կազմակերպության ղեկավարի հետ հարցազրույց արեց ռուսաստանյան թերթերից մեկի թղթակիցը և կոնկրետ հարց ուղղեց Բրիջիտ Բուասելյեին.
–Իսկ կարո՞ղ եք կլոնավորել Վլադիմիր Իլյիչ Լենինին:
Կինը պատասխանեց.
–Նախ այն, ինչ հիմա դրված է Կարմիր հրապարակի դամբարանում՝ մումիա է, իսկ մումիաների մեջ սովորաբար ԴՆԹ չի լինում: Կարող էինք իհարկե փորձել, բայց մեզ ոչ ոք չի խնդրել: