Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հրաշալի է հանդես եկել Դրեզդենի օպերային թատրոնում կայացած համերգին` «SemperOpernball»-ին՝ կատարելով Տատյանայի արիան` Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից:
Սպասված համերգային երեկոն տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ իր շուրջ համախմբելով հեղինակավոր արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուզան Մանթաշյանն ասաց. «Ուրախ եմ, որ ելույթը կայացավ և հասավ իր տրամաբանական ու հաղթական ավարտին»:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Մարգարիտ Սարգսյանը Մանթաշյանի ելույթից մի հատված հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իսկապես փայլուն ելույթ էր: Ապրես …. Մեր դպրոցն է»,- գրել է նա:
Համերգին Ռուզան Մանթաշյանից բացի, ելույթ են ունեցել ջութակահար Պավել Միլյուկովը, սոպրանո Յուլիա Մուզիչենկոն, դաշնակահար Ալեքսանդր Կաշպուրինը, տենոր Յուսիֆ Էյվազովը և այլք: