ԱՀՄԱԴԻՆԵԺԱԴԻ «ԳՐՈՂԻ ՏԱՐԱԾ ԾԾԵՐԻՑ» ՄԻՆՉԵՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ՇՆԱԲԱՐՈ ԴՈՒՐՍՊՐԾՈՒԿՆԵՐԸ»
Իրանի նախկին պոպուլիստ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտնի էր իր ելույթներում այնպիսի ժարգոնային բառապաշարի օգտագործմամբ, որոնք ոչ միայն ժամանակավոր ոգևորություն ու հրճվանք էին պատճառում իրանցի «պողոսներին», այլև դրանց թարգմանությունն իրապես գլխացավանք էր համարվում նրա ելույթները մեկնաբանող արտասահմանցի լրագրողների ու թարգմանիչների համար:
ԱՄՆ-ին ուղղված իր ելույթներից մեկի ժամանակ նրա օգտագործած հայտնի դարձվածքներից մեկն էլ Իրանում մեծ տարածում ունեցող «اون ممه را لولو برد»-ն էր, որը բառացի կարելի է թարգմանել «Էն ծիծը գրողը տարավ»: Հին ժամանակ հիշյալ արտահայտությունը գործ է ածվել երեխային մոր կրծքից կտրելու համար, իսկ այսօր փոխաբերական իմաստով օգտագործվում է հիշեցնելու համար, որ իրավիճակն այլևս նախկինը չէ: Կարելի է պատկերացնել արտասահմանցի այն խեղճ լրագրողի վիճակը որը չիմանալով այդ դարձվածքի իրական իմաստը դիմել էր բառացի թարգմանության, որի արդյունքն ինչ խոսք չափազանց ծիծաղելի էր ստացվել:
ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններին նվիրված ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այս հարցում եթե ոչ գերազանցեց, առնվազն հավասարվեց իր իրանցի նմանակին օգտագործելով «շնաբարո դուրսպրծուկների վնգստոցը» արտահայտությունը:
Անշուշտ Փաշինյանի հիշյալ արտահայտությունը թարգմանելու համար պահանջվելու է նույն ճիգն ու ջանքը, ինչը ժամանակին պահանջվում էր թարգմանելու համար Իրանի նախկին նախագահի հայտարարությունները…
Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից